Քաղաքական - Արտակարգ դեպք 33 համարի ավտոբուսում

Այն, որ 33 համարի ավտոբուսում արտակարգ դեպքերը սովորական են դարձել, գաղտնիք չէ: Այս անգամ խոսքը ոչ գերծանրաբեռնվածության մասին է, որը վաղուց արտակարգ չի համարվում, ոչ գողությունների ու գրպանահատների, այլ՝ որ ավտոբուսը փչացավ, իսկ վարորդը ժողովրդին զգուշացնելու փոխարեն, դեռ ճանապարհի կեսի կեսն էլ չանցած, գալով Խարբերդի առանձնատներից, և չհասնելով Խարբերդի մանկապարտեզի մոտ, պարզապես աջ քաշեց և կանգնեց: Մոտ տասնհինգ րոպե տևուղությամբ ուղևորները փորձում էին հասկանալ՝ իջնել, թե մնալ ավտոբուսում, ապա մեկը իջավ և հարցրեց վարորդին՝ ինչու ենք կանգնել, նոր միայն հնչեց վարորդի բացատրությունը, թե ավտոբուսն անսարք է:

Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեկ անգամ բաց են թողնում ավտոբուսը, երկրորդը կարող է և գալիս է 30-40 րոպե հետո: Իսկ այս պարագայում ուղևորներին ոչինչ չէր մնացել, քան ոտքով իջնել Խարբերդ-Այնթափ խաչմերուկ: 

Հավելելնք, որ երկու օր առաջ էլ առավոտյան ավտոբուսներ չկային ընդհանրապես, որովհետև վարորդները որոշել էին գործադուլ հայտարարել՝ պլաններից իրենց մնացած տոկոսների սակավության հետ կապված: 

Հավելենք նաև, որ այն հեռախոսահամարը, որ նշված է ավտոբուսներում, երբեք չի պատասխանում: 

Հիշեցման կարգով էլ ասենք, որ 33 համարի ավտոբուսների մասին շատ է խոսվում լրատվամիջոցներով, բայց խնդիրները այդպես էլ մնում են չլուծված: 

Օրինակ՝ 33 ՀԱՄԱՐԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԻՆ ԵՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ նման վերնագրով հոդված վերջերս էր տպագրվել hraparak.am-ում, որտեղ ահազանգողը ասում էր, թե «Երբ ավտոբուսը եկավ, որոշեցինք նստել, բարձրացանք, կինը չէր հասցրել նստել, երբ կողքից եկավ 74 համարի երթուղայինը։ Երկուսն էլ նույն ուղղությամբ են գնում, երևի մտածեցին մեկը մյուսից արագ անցնի, որ 200 դրամ ավել աշխատեն։ Առանց համբերելու, որ մեծահասակ կինը նստի, երիտասարդ վարորդը միանգամից արագ տեմպով շարժվեց տեղից, ինչի հետևանքով նա ամբողջ մարմնով՝ բոյից բոյ ընկավ և հարվածեց գլուխը, այլայլվեց։ Ես նույնիսկ լսեցի հարվածի ձայնը».- պատմում է ուղեւորը՝ հույս ունենալով, որ ահազանգը կսթափեցնի վարորդներին, որոնք չեն հետևում երթևեկության և անվտանգության կանոններին եւ հաճախ 100-200 դրամի համար վտանգում են ուղեւորների կյանքը»:

 

Անուշ Կրկյաշարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ