Տնտեսություն - ԳՆ. Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը

 

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում  հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:

Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է  2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի  ներկրումների անհնարինության պատճառով:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի  թանկացման: Ըստ  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից  ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին  գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:

Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին  հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն  իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից:

Առաջիկայում  ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը  մշտադիտարկումներ են  անցկացնում շուկայում»,-հայտնում են նախարարությունից:



Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ