Քաղաքական - Իրանի հետ կարող ենք համատեղ ապրանքներ արտադրել և «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ԵԱՏՄ ու ԵՄ շուկաներ արտահանել. Գոհար Իսկանդարյան

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը լիահույս է, որ վաղը Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆի Հայաստան այցելությամբ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում դրված հարցերը կյանքի կկոչվեն: 

«Ունենք շատ հարցեր, որոնք այս պահի դրությամբ օդում առկախված վիճակում են, այդ թվում` էներգետիկ ոլորտում մի շարք պայմանագրեր, որոնք կնքվել են, բայց այսօր կյանքի չեն կոչվում: Տարածաշրջանում Իրանի պես հզոր երկրի արտաքին գործերի նախարարի այցը հենց այնպես չի կարող լինել, այսինքն` եթե գալիս է ՀՀ, ապա դա նշանակում է, որ կան քննարկման ենթակա հարցեր»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երևան է ժամանում Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:

Գոհար Իսկանդարյանը նաև հիշեցրեց, որ վերջերս Իրանի արտաքին գործերի նախարարությունից բավականին կոշտ հայտարարություն է հնչել` խորհուրդ տալով Հայաստանին Իսրայելի հետ համագործակցության հարցում ուշադիր լինել, և ըստ իրանագետի՝ դրա վերաբերյալ ևս որոշակի պարզաբանումներ կլինեն: Նա նկատեց, որ հայ-իսրայելական հարաբերությունները նոր են փորձում զարգանալ, իսկ հայ-իրանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, և Իսրայելի հետ հարաբերությունները չեն ստվերում Իրանի հետ հարաբերությունները: 

Ըստ նրա` նախարարների հանդիպման ժամանակ Արցախի հարցի մասին էլ քննարկումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի դիտարկմանը, թե տնտեսական ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն, որքան քաղաքական հարաբերությունները և հարցին, թե այս առումով շոշափելի առաջընթաց կարելի՞ է սպասել նախարարի այցից հետո, քանի որ վարչապետի հետ ևս հանդիպում է նախատեսված, Գոհար Իսկանդարյանն ասաց, որ բոլոր վերլուծաբաններն էլ նշում են, որ տնտեսական ոլորտում հարաբերությունների աճի մեծ պոտենցիալ կա, սակայն կա նաև հապաղում:

«Այսինքն` քաղաքական հարաբերությունները թույլ են տալիս, որ տնտեսական հարաբերություններում կարողանանք նվաճել նոր ոլորտներ, բայց տնտեսական հարթության մեջ ունենք խնդիրներ, և վարչապետի մտավախությունը դրանում է»,-ասաց նա և նշեց, որ այս առումով էլ քննարկումներ կլինեն: Ամեն դեպքում, իրանագետը նկատեց, որ տնտեսական հարաբերությունների խորացման առումով փորձեր արվում են, բայց բեկումնային գործընթաց չկա:

Հարցին, թե հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցության դեպքում նշվում էր, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, նոր ստորագրված ՀՀ-ԵՄ  համաձայնագիրը ինչ-որ նոր բան կարո՞ղ է տալ այդ համատեքստում, իրանագետն ասաց, դա միայն դրական կարող է ազդել:

«Մենք գիտենք, որ Իրանը ԵՄ-ի հետ չունի նման պայմանագրեր: Ինչպես ԵԱՏՄ-ի պարագայում էի ես ասում, այս պարագայում ևս կարող եմ հաստատել, որ մենք կարող ենք համատեղ ապրանքներ արտադրել և «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ թե՛ ԵԱՏՄ շուկա, թե՛ եվրոպական երկրներ արտահանել, քանի որ այդ մաքսերի, տուրքերի առումով մեզ համար ավելի մեղմ վիճակ է: Այսինքն՝ շատ ձեռնտու պայմաններ կլինեն երկու երկրների համար էլ, մնում է, որ կարողանան համաձայնության գալ, գտնեն այն ապրանքները, որոնք կարող են համատեղ պատրաստել և բաց թողնել շուկաներ»,-ասաց նա:

Գոհար Իսկանդարյանն օրինակ բերեց, որ իրանական կաշվից կարող ենք այստեղ հայկական կոշիկներ, պայուսակներ կարել, կամ իրանական ոսկուց հայ ոսկերիչները զարդ պատրաստել, և երկու երկրներն էլ օգտվեն:

Դիտարկմանը, թե, այսինքն` ԵՄ համաձայնագրով Հայաստանը Իրանի համար երկկողմ կամուրջ հանդիսանալու հնարավորություն է ստանում, նա ասաց. «Այո, շուկայի պարագայում կարող ենք դա անել»:

Մեկ այլ դիտարկմանը, թե մենք ԵԱՏՄ-ի հետ այդ կամուրջ լինելու հնարավորությունը չենք օգտագործել, նա ասաց, որ այդ հարցը պետք է տրվի կառավարող գործիչներին: 

«Ես միայն կարող եմ ասել, որ մենք ունենք այդ հնարավորությունը, և մենք կարող ենք դա օգտագործել, իսկ թե ինչո՞ւ չի ստացվում, դա իրենք պետք է պատասխանեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա իրանագետն ասաց, որ թեև Իրանից Հայաստան ներդրումներ կան, սակայն դրանք այնքան մեծ չեն, որ առարկայական փոփոխություն բերեն:

Չնայած դրան, նա նկատեց, որ ավելի վատ վիճակում է Հայաստանից դեպի Իրան ապրանքաշրջանառության խնդիրը, քանի որ Իրանն այլ երկրների ապրանքները բավականին դժվարությամբ է թողնում իր երկիր: Նա հույս հայտնեց, որ վարչապետն այս հարցը ևս կքննարկի, որ գոնե որպես բարեկամ երկիր որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկատեսակներ կիրառվեն:

 

Լիանա Առաքելյան

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ