Կրթություն - Կրթության՝ մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը լղոզված և թռուցիկ ձևակերպումների շարան է․ փորձագետներ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ կրթության ոլորտում հիմնական գերակայությունը որակի բարձրացումն է։ Կրթության բարելավման քաղաքականությունը պետք է զուգորդվի մատչելիության և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներով։ Ծրագիրը, սակայն, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես է այդ զարգացումն ապահովվելու, այն էլ՝ առանց կրթության ֆինանսավորման բարձրացման։ Նման տեսակետ հայտնեցին նախագծի հանրային քննարկման ներկաները։

 

Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և նախաձեռնություններ, ինչպես նաև կրթության փորձագետներ։ Քննարկումը վարում էր Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նա Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պետք է կրթության բյուջեի սղության դեպքում կյանքի կոչվի զարգացման ծրագիրը և պատասխանել հարցին, թե ինչ կտա կրթության ոլորտին Եվրոպական միություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը։

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ շեշտել է, որ հարկավոր էր պահել նախորդ ծրագրի տրամաբանությունն ու ներկայացվեր՝ ինչ խնդիրներ ունենք և ինչ պետք է անել՝ դրանք լուծելու համար։ Նրա խոսքով՝ մեր կրթական խնդիրները սպեցիֆիկ են և ծրագրում տեղ գտնելիք կետերը պետք է բխեն Հայաստանում տիրող իրավիճակից։ Փորձագետը նկատել է՝ մեզ հարկավոր են կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ։ Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ էր ծրագիրը կազմելուց առաջ խորհրդակցել ուսուցիչների և դասախոսների հետ։

 

Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը, Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի երկարամյա մասնագետ Անահիտ Բախշյանը հարցադրում է արել՝ ինչպես պետք է զարգանա կրթությունը՝ առանց համապատասխան ներդրումների։ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ անդրադարձել է ծրագրում տեղ գտած մի ձևակերպման։ Այնտեղ, որպես կրթության զարգացման գլխավոր նպատակ նշվում է ազգային շահերին լիարժեք ծառայելը։ Այնինչ, փորձագետի խոսքով, դա ոչ կոնկրետ ձևակերպում է, որը կարող է դառնալ գործիք՝ իշխանական շրջանակների կողմից տարբեր տեսակի քաղաքական շահարկումների համար։

 

Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը․ Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030․ Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար», Ինչհոնի հռչակագիրը։  

 

Մանրամասն՝ տեսանյությում:

Աննա Բաբաջանյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ