Քաղաքական - Գիտնականների և մասնավոր հատվածի համագործակցության մշակույթը դեռ ձևավորված չէ. Գևորգ Վարդանյան

 

«Հայաստանում գիտության զարգացման առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը մասնավոր հատվածի հետ համագործակցության բացակայությունն է»,- այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում  կազմակերպված կլոր-սեղան քննարկման ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյան։

Նրա խոսքով՝ աշխարհում արդեն ընդունված փորձ է, որ գիտությունը և մասնավոր հատվածը բավականին արդյունավետ աշխատում են, և արդյունքում մեծ գումարներ է վաստակում թե մասնավորը, թե գիտնականը, քանի որ համատեղ ներկայացված գիտական արդյունքն առևտրայնացման ենթական է լինում։

«Այսօրվա հանդիպմանը կքննարկվեն մասնավոր հատվածի և գիտակրթական հիմնադրամների դերը գիտության զարգացման գործում, նրանց` գիտության մեջ ներգրավելու  ուղիները, երիտասարդ գիտնականների արտահոսքի պատճառները և առաջարկվող լուծումները: Մասնավորապես կներկայացվեն Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի (ASDA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գործունեությունը, դերը գիտության և կրթության զարգացման գործում և երիտասարդ գիտնականների առաջընթացի համար  նրանց ընձեռած հնարավորությունները»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե Հայաստանում գիտնականների ու մասնավոր հատվածի օրինակներ չու՞նենք, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը պատասխանեց. «Դեռ կուլտուրան ձևավորված չէ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, մասնավոր հատվածը՝ բիզնեսմենը, ցանկանում է արագ գումար վաստակել, իսկ գիտության մեջ պետք են տարիներ, որ փորձարկումների արդյունքում ստանանք նախատիպեր, որը ենթակա կլինի առևտրայնացման։ Ահա այս մշակույթը եթե կարողանանք մտցնել մեր բիզնեսմենների մեջ, ապա կունենանք փայլուն արդյունքներ»։

Գևորգ Վարդանյանը նշեց, որ բիզնեսմենին պետք է համոզել, որ այդ համագործակցությունը վստահելի է, արդյունավետ. «Մարդիկ ուղղակի հավատ չունեն, որ ներդրում անեն, օգուտ կունենան։ Այսպիսի համաժողովների, կլոր-սեղանների միջոցով ցանկանում ենք ներկայացնել աշխարհի փորձը՝ գիտնական-բիզնեսմեն համագործակցության, դեղագործության, ՏՏ, ինժեներիայի և այլ ոլորտներում»։

Կլոր սեղան-քննարկումն անցկացվում է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի շրջանակներում։ Համաժողովին մասնակցում են  հայազգի գիտնականներ, սփյուռքից՝ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Կանադայից և Ռուսաստանից:

Համաժողովն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համահայկական գիտական ասոցիացիա» ՀԿ-ների և «Երիտասարդ գիտնականների աջակցություն ծրագրի» համագործակցությամբ։



Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ