Կրթություն - ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի կինը՝ Վերգինե Եսայանը ապօրինին ճանապարհո՞վ է դարձել դպրոցի տնօրեն

Հենաշարժական խնդիրներ ունեցող  Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվը  պայքարում է,  որ կրթության եւ գիտության նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կինը՝ Վերգինե Եսայանը, չլինի  իրենց դպրոցի տնօրենը։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նախարարության մի քանի աշխատակիցների, ոստիկանության հետ միասին այցելել էին դպրոց, ներկայացրել նորանշանակ տնօրենին` Վերգինե Եսայանին։

Դպրոցի աշխատակիցներն ու ծնողներն ըմբոստացել էին, բողոքի ակցիա կազմակերպել` հայտարարելով, որ չեն ընդունում նորանշանակ տնօրենին, քանի որ նա ապօրինի ճանապարհով է դարձել ընօրեն։ 

 Այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  փաստաբան  Էդուարդ Աղաջանյանը նշեց`   այդ դպրոցում  երեխաները սպեցիֆիկ բնույթ ունեն, նրանց հետ պետք է նուրբ, զգայուն վերաբերվեն  բոլոր մանկավարժները, իսկ Վերգինե Եսայանը  հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու փորձ չունի: Կոլեկտիվի ներկայացուցիչները միաբերան պնդեցին` Վերգինե Եսայանը  ապօրինի է դարձել տնօրեն. եթե արդար ընտրություն լինի, ապա նա հաստատ չի ընտրվի: Դպրոցի կոլեկտիվն արդեն դիմել է դատախազություն:

Դպրոցի մանկավարժ Համեստ Փիրումյանը շեշտեց` եթե այդ հարցն արդարացի լուծում չստանա, իրենք գործադուլ են անելու:

«Անօրինական  ճանապարհով նշանակված տնօրենը դուրս եկավ բոլորի դեմ: Նրանք դիմել են ստի, շանտաժի: Դպրոցում աուդիտ եղավ, բայց արդյունքները չհրապարակեցին: Հիմա ուսումնական պրոցեսը բնականոն հունով ընթանում է: Եթե Վերգինե Եսայանը օրենքով  ընտրվեր որպես տնօրեն, հավատացե'ք` մենք նրան ծափերով կընդունեինք: Մենք այդ  անձի դեմ ոչ մի բան չունենք: Մեր բողոքը նախարարության դեմ է: Վերգինե Եսայանը ոստիկանների հետ միասին է մտել մեր դպրոց: Ողջ կոլեկտիվին ահաբեկում են, ասում են` ֆինանսների  վրա կալանք կդնեն, այնպես կանեն, որ աշխատավարձ չստանանք, հոսանքը կանջատեն: Ասում են նաև, որ աուդիտի   ընթացքում խախտումներ են հայտնաբերել. դրանով էլ են շանտաժ անում», -  նշեց Համեստ Փիրումյանը:

Ասուլիսին ներկա  հատուկ մանկավարժ Նոյեմ Խաչատրյանն իր հերթին շեշտեց`  դպրոցում  տնօրեն ընտրելու համար  նախարարի թեթև ձեռքով անգամ խորհրդի նիստեր չեն եղել: 

«Մի քանի  օր առաջ տնօրենի   ժամանակավոր պաշտոնակատար  Մարիետա Ավետիսյանի պարտավորությունները դադարեցվել են, թղթերով այս պահին տնօրենը Վերգինե Եսայանն է: Մեր օինական պահանջն այն է, որ օրինական ճանապարհով լինի մրցույթը, մրցույթում հաղթած  թեկնածուն  դառնա   տնօրեն:  Հույս ունենք, որ օրենքի շրջնակում այս հարցն արդարացի լուծում կստանա», - նշեց Նոյեմ Խաչատրյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ