Տարածաշրջան - Հնարավոր է՝ աստիճանաբար լարվածության աճ լինի. Լեւոն Մնացականյանը՝ շփման գծում իրավիճակի մասին

Մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա: Արցախում այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հոկտեմբերի 22-ին եւ 23-ին «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռի կիրառմանը:

Նա նշեց, որ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, եւ հիշեցրեց, որ հոկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կողմից հայ զինծառայող է խոցվել:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, եւ պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաեւ երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- ասաց Լեւոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- հավելեց Մնացականյանը:

Նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը երկու անգամ «ՍՊԱՅԿ»  տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ է կիրառել:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ