Քաղաքական - Բանաստեղծին կվտարեն իր տնից. մտավորականները դիմում են ՀՀ նախագահին (տեսանյութ)

Ժամանակակից գրականության հնչեղ անուններից մեկը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Բանաստեղծը կանգնել է ծանր կացության առաջ: Մտավորականները չեն պատրաստվում մենակ թողնել ընկերոջը: 

 

Մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմում են ՀՀ նախագահին և վարչապետին:

 

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշում է. «Խաչիկ Մանուկյանը մեր ժամանակների ամենամեծ ստեղծագործողներից մեկն է ու ամեն բանից զատ նա իր հայրենիքը այնքան շատ էր սիրում, որ որոշեց տնտեսապես օգուտ բերի և՛ իրեն,և՛ հայրենիքին: Նա փորձեց տնտեսության մեջ իր ներդրումն ունենալ, սակայն ավելի «գիտակները» խաբեցին նրան: Բանկը, որից պետք է ստանար գումարը՝ մուտքագրում չէր արել: Հետագայում կառավարիչը ինքնասպան եղավ ու բանկը վաճառվեց ուրիշ մեկին: Բանկի ունեցվածքը գնաց գնորդին, բայց պարտականությունները՝ ոչ»:

 

Միրզոյանը հայտնեց, որ Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Գրողների միությունը համատեղ կատարել են նկարահավաք և տպագրվել է «Նվիրաբերում» անունով պատկերագիրքը: Նվիրաբերված նկարները պետք է վաճառվեն ու այդ հասույթով կփակվի բանաստեղծի «պարտքը»:

 

Միրզոյանը նշում է, որ Անահիտ Մխիթարյան անունով հայուհին իրեն պատկանող բավականին արժեքավոր կտավ է նվիրել այս գործին:

 

«Կտավների շարքում կա՝ Գառզու, Ժան Սեմ, Մինաս…: Բոլոր տղաները պատրաստ են նկարներ ավելացնել, միայն օգնենք մեր ընկերոջը, մեր ժամանակների լավագույն պոետին»,-նշում է նկարիչ, դիզայներ Ներսես Մելիքյանը:

 

«Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը նկատում է, որ Խաչիկ Մանուկյանը այն մեծագույն պոետներից է, որի ստեղծագործություններով վաղվա սերունդը կիմանա մեր ժամանակների մասին.«Նրա պոեզիայով են այսօր զինվորները սահման պահում: Ոչ հեռու անցյալում հայ գրողին ոչ միայն առանձին բնակարան էին տալիս, այլև աշխատասենյակ, որ նա կարողանա առանձին լինել և ստեղծագործել: Ես, որ լսեցի՝ Խաչիկ Մանուկյանին վտարում են իր տանից, ապա այստեղ թշնամու ձեռագիր տեսա: Ես դիմում եմ նաև բանկի տիրոջը՝ այնպես մի արեք, որ Ձեր անունը ապագայում սևով գրվի: Հայ մտավորականին չի կարելի իր տնից դուրս հանել: Սա չտեսնված բան է ու այդպես կարող էր լինել միայն Թուրքիայի տարածքում: Դիմում ենք երկրի ղեկավարներն, որ այս հարցին լուծում տրվի»:

 

«Այս հարցը կարելի է օրինական ճանապարհով, արդարացի լուծել և Խաչիկ Մանուկյանին ազատել այն ծանրաբեռնվածությունից, որը փաստորեն ծնկել է նրա դռանը: Բանաստեղծը տան, ազգի համահավաք կերպար է ստեղծում և այսօր նա կարող է հայտնվել փողոցում: Ի վերջո բանկն էլ է գտնվում Հայաստանում և այս հավաքված նկարների վաճառքն էլ նույն երկրում է կատարվում»,- ընդգծում է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:

 

Բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը հավելում է, որ արդեն երկար տարիներ մտավորականները պայքարում են հանուն ընկերոջ՝ Խաչիկ Մանուկյանի:

 

Նշենք նաև, որ բանաստեղծի երկու որդիներն էլ ծառայել են առաջնագծում: Կրտսեր որդին՝ Արամ Մանուկյանը ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով: Մյուս որդին՝ Վաչագան Մանուկյանը պաշտպանել է Քարվաճառի սահմանը և պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

 

Ներկայացնում ենք նաև Խաչիկ Մանուկյանի հայտնի գործերից մեկը, որը կարդում է հեղինակը:

 

Նյութի աղբյուրը՝ henaran.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ