Ժամանց և շոու բիզնես - «Հուդի». գլխանոցով վերնազգեստ, որը չտարածվեց հայ նորաձեւամոլների շրջանում

Եթե մի քանի տարի առաջ գլխանոցով վերնազգեստը բացառապես մարզական հագուստ էր համարվում կամ, լավագույն դեպքում, խանութ արշավելու համար էր, ապա այսօր այն գլխավոր թրենդն է: Չնայած «հուդին» այն իրերից է, որն առանձնապես հայուհիների շրջանում արմատներ չգցեց, հուսանք, որ այս աշունը նրանց կստիպի այլ հայացքով նայել զգեստապահարանի այս տարրին:

«Հուդի» հագնում են ե՛ւ աշխատանքի, ե՛ւ ժամադրության, ե՛ւ ընկերների հետ հանդիպման գնալիս: Ուստի անհրաժեշտ է իմանալ, թե «հուդին» ինչպես եւ ինչի հետ է պետք հագնել՝ ոճային եւ զիլ տեսք ունենալու համար:

Սպորտի եւ առողջ կենսակերպի նորաձեւությունը մինչեւ հիմա արդիական է, այս պատճառով չարժի սպորտային կերպարը դուրսգրված համարել: Ամենապարզ եւ ոճային կերպարը, որը կարելի է լրացնել այս վերնազգեստով, casual-ն է: Ավելի պարզ ասած՝ համալրում ենք ջինսով եւ մարզակոշիկով: Եթե նախընտրում եք «հուդին» տրենիկով հագնել, ապա ավելի լավ է կոստյում գնել, որ վերեւի եւ ներքեւի հագուստը միեւնույն երանգում լինեն:

Ավելի բարդ եւ համարձակ տարբերակ է վերնազգեստը դասական կոստյումի հետ համակցելը: Այս դեպքում գլխավորը բազմաշերտության հիմնական օրենքի մասին հիշելն է՝ վերնազգեստը պետք է ավելի երկար եւ ծավալուն լինի: Այսինքն՝ ավելի լավ է բարակ գործվածքից պատրաստված «հուդի» գնել, որ անհեթեթ տեսք չունենաք: Որովհետեւ վիզուալ մի քանի կիլոգրամ «ավելացնելու» վտանգ կա, իսկ բաճկոնը կազմվածքին հարիր «չի նստի»:

Եթե ժամադրության եք պատրաստվում կամ սեթեւեթելու տրամադրություն ունեք, ապա «հուդին» հագեք զգեստի կամ ժանեկավոր եւ կաշվե կիսաշրջազգեստի հետ: Օրինակ՝ ինչպես զգեստ-շապիկի վրայից, այնպես էլ ներքեւի մասի: Գլխավորն այն է, որ զգեստը կիպ գրկող լինի եւ ցանկալի է միդի, նույնը վերաբերում է նաեւ կիսաշրջազգեստին: Այսպես մարմնի ուրվագիծը ծավալուն եւ գերծանրաբեռնված չի լինի:

Իսկ այն դեպքում, երբ ցանկանում եք որեւէ էքստրավագանտ բան, ապա «հուդին» հագեք թավշից եւ վինիլից բոտֆորտի համադրությամբ, ցանկալի է՝ կարմիր կամ բորդո: Դուետը թեժ է, բայց զբոսնելիս կարգին զբոսնիր: Միեւնույն է՝ հարեւանները քննարկելու են քո «ոչ համեստ» հանդերձանքը:

 

Մարգարիտա Ավագյան

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ