Քաղաքական - Գյուղնախարարը նորմա՞լ է համարում, որ թանկանում է ամեն բան, բացի աշխատավարձներից

«Այսօր գյուղատնտեսությունը զարգանալու մեծ ներուժ ունի, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում»,- այս կարծիքին է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ով լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Ըստ բանախոսի՝ մասնավորապես կա տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակ, չկան մատչելի ֆինանսական ռեսուրսներ, առկա է  ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն, բնակլիմայական աղետներից ապահովված չենք, դրանց վնասների փոխհատուցում որպես այդպիսին ևս չկա, ինչից և բողոքում են շատ գյուղացիներ, կա խնդիր իրացման գների և գյուղացիներին վճարելու հետ կապված, գյուղատնտեսական հողերի օգտագործման ճիշտ գնահատականի բացակայություն:

Խոսելով այն մասին, թե ինչ է արվել այդ խնդիրները լուծելու կամ նվազագույնի հասցնելու համար, գյուղնախարարը ասաց, որ նախ տեխնիկական հագեցվածության բացը ապահովելու նպատակով հայտարարվել է նոր ծրագիր՝ գյուղտեխնիկայի լիզինգի մատչելի տոկոսներով տրամադրում, որի շրջանակում գումարներ տրամադրվելու են տնտեսված միջոցներից: Ըստ բանախոսի՝ 132 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել, հիմնվելու է նաև գյուղտեխնիկայի կայան:

Ըստ գյուղնախարարի՝ նախարարությունը համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, այդ ծրագրով ապահովվելով ջրամատակարարում անասնապահական կոոպերատիվներին, ոռոգման նպատակներով տրամադրելով նաև այդ ջուրը գյուղացիներին:

Խոսելով գների թանկացման և հատկապես լրատվամիջոցներում այն հրապարակումների մասին, թե Գյուղնախարարությունը տեղյակ չէ, կամ տեղյակ է ու ոչինչ չի անում, գյուղնախարարն ասաց, որ Գյուղնախարարությունը տեղյակ է ամեն բանի, ինչ կատարվում է, սակայն ամեն բան չէ, որ արժանի է արձագանքի:

 Tesaket.info-ի հարցին, իսկ եթե տեղյակ է, ինչպես է Գյուղնախարարությունը բացատրում նման կտրուկ թանկացումը , բանախոսն ասաց, որ մսի թանկացումը բացատրվում է նրանով, որ բարձրացել է խոզի մսի միջազգային գինը, ոչխարի մսի թանկացման առումով ևս արտաքին շուկան է այն թելադրել, ինչ վերաբերում է տավարի մսին, այդտեղ գուցե ազդել է կերի խնդիրը և այն, որ խոտը թանկացել է, սակայն տավարի մսի պարագայում 150 դրամ թանկացումը բանախոսը նորմալ է համարում: Tesaket.info-ի հարցին, արդյոք նորմալ է, որ մեկ ամսում Երևանում խոզի և ոչխարի մսի գինը թանկացավ ավելի քան 1000 դրամով, այս պարագայում արդեն 100 դրամի մասին չէ խոսքը, բանախոսն ասաց, որ իր համար մինչև հիմա գաղտնիք է, թե ինչու է Երևանում դիտվել նման թանկացում այն պարագայում, երբ ինքը խոսել է գյուղացիների հետ, ովքեր ասել են, որ միսը գյուղերում չի թանկացել:

Հ.Գ. Եթե գաղտնիք է մնացել, որպես նախարար, միթե իրավասություն չունի Պրն. Առաքելյանը դիմելու համապատասխան մարմիններ, հասկանալու համար նման կտրուկ թանկացումների պատճառը: Եվ ինչպես կաող է այդ ամենը նորմալ լինել, երբ դոմինոյի էֆելտով եթե թանկանում է միսը, թանկանում է ամեն բան՝ հացը, կարագը, ձեթը, այն դեպքում, որ չի թանկանում միայն աշխատավարձների (ներեցեք, աղքատավարձների) ու թոշակների չափը:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ