«TESAKET»-ի հյուրասրահ - Լրագրողական դաշտն այնքան էլ ազատ չէ, խոսքի ազատություն ասվածն էլ մի քիչ չափազանցված. «Երկու Երես» մամուլի ակումբի ղեկավար

Այսօր մեր լրատվական դաշտը մի տեսակ անհասկանալի կծիկ է դարձել: Լրագրողներից շատերը նյութի մեջ ավելի շատ իրենց կարծիքն են արտահայտում, քան ներկայացնում բուն ինֆորմացիան: Բացի այդ չես հասկանում, ով է պատվերով գրում, իսկ ով օբյեկտիվ ներկայացնում նյութը: Ի՞նչ անել նման պարագայում, և կարելի՞ է արդյոք ասել, որ այսօր մամուլը ազատ է Հայաստանում: Այս և այլ հարցերի շուրջ «Տեսակետ»-ի հյուրասրահում կզրուցենք լրագրող, «Երկու Երես» մամուլի ակումբի ղեկավար Հասմիկ Սարգսյանի հետ:

 

- Բարի երեկո Հասմիկ, շնորհակալություն «Տեսակետ»-ի հյուրասրահում հյուրընկալվելու համար: Դուք, ով բավական ժամանակ ակտիվ գործունեություն եք վարում լրատվական դաշտում, լրատվական ակումբի ղեկավար եք, մինչ այդ նաև «Երկու Երես» ամսագրի խմբագիրը, Xosnak.am կայքի գլխավոր խմբագիրը, ի՞նչ եք կարծում, արդյոք այսօր Հայաստանում կա՞ խոսքի ազատություն:

 

-Նախ շնորհակալ եմ հրավերի համար, և եթե ասեմ, որ խոսքի ազատություն չկա՝ կստեմ: Բայց դա էլ շատ հարաբերական է: Հիմնականում լրագրողները գրում են այն, ինչ պահանջում են նրանց խմբագիրները: Լրագրողը երբմն ազատ չէ իր թեմայի ընտրության հարցում: Ուստի, կարելի է ասել, որ դաշտն այնքան էլ ազատ չէ, խոսքի ազատություն ասվածն էլ մի քիչ չափազանցված է:

 

- Այդ դեպքում, արդյո՞ք լրագրողներն այսօր անզգուշություն թույլ չեն տալիս, հատկապես երբ, գուցե խմբագրության պահանջով՝ խոսում են Ռուսաստանի դերի մասին՝ վերջինիս վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ քննադատելով, և արդյո՞ք դրանով չենք ուրախացնում Ադրբեջանին: Չէ՞ որ այն երազում է, որ Ռուսաստանը այլևս չլինի մեր կողքին՝ որպես ռազմական դաշնակից, այլ միայն իրեն դառնա դաշնակից:

 

- Չեմ կարող ասել, թե Ադրբեջանը որքան է փափագում դառնալ Ռուսաստանի դաշնակիցը, սակայն մի բան հաստատ է՝ եթե Ռուսաստանը նման ցանկություն ունենար, ապա այդ երկու երկրները վաղուց դաշնակիցներ կլինեին:

Ինչ վերաբերում է լրագողների անզգուշությանը, նրանց հոդվածներին՝ պիտի կրկնվեմ, որ դաշտը բավականաչափ վերահսկվում է, գրվում, խոսվում է այն, ինչ թուլատրելի է: Ուրիշ հարց է՝ սոցիալական կայքերում  այդ թեմայի շուրջ քննարկումները ինչ բնույթ են կրում, սակայն այդ մասին չեմ ուզում խոսել: Այն, ինչ պիտի մնա քաղաքական կուլիսների հետևում, երբեք լրագրողական կամ հասարակական բեմ չի ելնում:

 

- Խոսենք վերնագրերի մասին, որոնք շատ անգամ էթիկայի կանոններից դուրս են: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այնպիսի վերնագիր դնելը, օրինակ՝ «Մայրաքաղաքում ռումբ է պայթեցվել», սակայն սեղմում ես նորության վրա և տեսնում՝ խոսքը Բուրգունդիայի մայրաքաղաքի մասին է:

 

- Այ վերնագրերի հարցը շատ լուրջ է: Ցավալի է, բայց այստեղ ունենք մեծ բացթողում, երբեմն նաև լրագրողական էթիկայի կանոների լուրջ խախտում: Հաճախ հանդիպում ենք սարսափելի, անհասկանալի, երբեմն բարոյազուրկ վերնագրերի, որն իմ կարծիքով այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Պետք չէ վերնագրով ահ ու սարսափ մտցնել մարդկանց մեջ, կամ ասենք գրել. «Մադոնան մերկացավ համերգի ժամանակ»: Հետո պարզվում է, որ ոչ թե մերկացավ, այլ ընդամենը հագել էր այն, ինչ միշտ է հագնում համերգների ժամանակ:

Պետք է նշեմ, որ մարդկանց մեծամասնությունը նյութերից կարդում են միայն վերնագրերը, և այդ թեմաները սկսում են քննարկել իրենց ընկերների, հարազատների շրջապատում, երբեմն էլ սոցիալական կայքերում: Եվ ահա պատրաստ է լինում ոչ ճիշտ ինֆորմացիայի տարածումը, և սխալ ու հաճախ նաև անտեղի քննարկումները: Վերնագիրը չպետք է նաև պատմի նյութի ողջ բովանդակությունը: Այն երբեմն պետք է առեղծված լինի, բայց և կապ ունենա նյութի հետ: Շատ հաճախ տեսնում ենք, որ նման վերնագրեր են գործածում ոչ այնքան հայտնի կայքերը, որոնք ցանկանում են այդ կերպ բարձրացնեն իրենց կայքի դիտողականությունը: Ինչը շատ սխալ մոտեցում է: Կայքի որակը, դիտողականությունը պետք է բարձրացնել որակյալ և օգտակար նյութերով: Իսկ սուտ ու դատարկ հոդվածները մի օր կձանձրացնեն մարդկանց:

 

- Դուք երբևէ նման կերպ վերնագրե՞լ եք ձեր նյութերը՝ որպեսզի նյութին դիտողականություն ապահովեք:

 

- Ո՛չ, ես երբեք նմանատիպ վերնագրերով նյութեր չեմ գրել և ապագայում էլ չեմ պատրաստվում գրել: Դրանք լրագրողական նյութեր չեն, և նման աշխատելաոճը հեռու է լրագրությունից:

 

- Իսկ ի՞նչ կասեք այն կարծրացած մոտեցման մասին, որն անգամ ինձ էին դասավանդում լրագրություն ուսանելուս տարիներին, որ եթե լրագրողին դռնից վռնդում են, նա պետք է պատուհանից ներս մտնի:

 

- Մի քիչ համաձայն չեմ այդ մտքի հետ, որ եթե դռնից հանում են, պատուհանից պետք է լրագրողը ներս մտնի: Ցանկացած մասնագիտության մեջ պետք է լինել համառ, բայց ոչ երբեք աներես: Յուրաքանչյուր բանախոսի հետ կարելի է լեզու գտնել, ճիշտ մոտեցում ցուցաբերել, որի հետևանքով կստանաս քո հարցերի պատասխանը: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կոլեգաներին, նաև սկսնակ լրագրողներին:

 

- Սկսնակ լրագրողներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, և որ ամեն մեկն իր հետ նոր ձեռագիր բերի լրագրողական դաշտ: Իսկ կոլեգաներիս խորհուրդ չեմ տա, չեմ սիրում խորհուրդ տալ: Միայն մաղթում եմ հետաքրքիր, բանիմաց և պրոֆեսիոնալ բանախոսներ:

 

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

 

                                                                                  Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ