Քաղաքական - Այս տարի 2799 ընտանիք կստանա նվերներ՝ Երևան քաղաքի տարեթվին համապատասխան

Այս տարի «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կանցկացվեն սույն թվականի հոկտեմբերի 14-ին: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարի տոնակատարությունը կրում է «Երևան սիրո քաղաք» խորագիրը, ունի 4 ուղղվածություն՝ «Տես Երևանը», «Լսիր Երևանը», «Զգա Երևանը», «Սիրիր Երևանը», միջոցառումների ցանկում գրանցված են երիտասարդական ֆլեշմոբեր, «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացումը քաղաքապետարանի ճեմասրահում, կավճանկարչություն մանուկների համար, մանկական տոնական ծրագրեր մանկական զբոսայգում, ազգային երգ ու պար Հյուսիսային պողոտայում, «Իմ սերը քեզ Երևան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ Ազատության հրապարակից, ռոք և ջազ համերգներ և այլն: Միջոցառումների գեղարվեստական մասը կեզրափակվի ժամը 22:00-ին Ազատության հրապարակում երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ:

Բանախոսի խոսքով՝ ծրագրի սոցիալական բաղադրիչի ապահովման նպատակով ավանդական է դարձել, որ Երևան քաղաքի տարեթվին համապատասխան այդքան ընտանիքներ ստանում են քաղաքապետարանի կողմից նվերներ: Դրանք սոցիալական խոցելի խմբերն են, ազատամարտիկների ընտանիքները, սոցիալական անհրաժեշտություն ունեցող մարդիկ, որոնց կտրվի ամենատարբեր կենցաղային տեխնիկա և աայլն, այդ ակցիան մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին և տևելու է տաս օր: Հոկտեմբերի 28-ին Էրեբունի-Երևանի շրջանակներում կկազմակերպվեն ծնողների այցերը իրենց զինվոր զավակներին՝ սահմանամերձ զորամասեր, շուրջ 1500 ծնող կուղեկցվի իրենց զավակներին տեսակցության:

Խոսելով ծախսերի մասին, բանախոսը նշեց, որ նախորդ տարի բյուջեով նախատեսված էր 150 մլն դրամ, այս տարի՝ հատկացված է 80 մլն ՀՀ դրամ: Խոսելով բյուջեի զգալի կրճատման մասին, Արամ Սուքիասյանը նշեց, որ նման կրճատումը պայմանավորված է նաև հաջորդ հոբելյանական տարին ավելի մեծամասշտաբ նշելու միտումով, բացի այդ ամբողջ տարին է լինելու հոբելյանական, ոչ թե միայն այդ օրը:

Բոլոր միջոցառումները հոկտեմբերի 14-ին նախատեսված է անցկացնել այնպես, որ փողոցները փակ չլինեն, փակ է լինելու Տիգրան Մեծից դեպի Հրապարակ տանող մի փոքր հատված, որտեղ տեղադրված է լինելու բեմ, և Հանրապետության հրապարակը, անգամ փողային նվագախումբը, որը կանցնի շքերթով այդ պարագայում փողոցը փակ կլինի կիսով չափ:

Կրկյաշարյան Անուշ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ