Մշակույթ - «Զարթոնք»-ը կմասնակցի «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին,  ժամը 19:00-ին,  Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) արդեն 4-րդ անգամ տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը. հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:
 Այս օրեին,  մինչև փառատոնի մեկնարկը Երևանի տարբեր համայնքներում «Գութան»-ին ընդառաջ՝ անցկացվում էին ֆլեշմոբեր։

Երեկ Երևանի  Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, հայ ազգային երգն ու պարը ներկայացրեց  «Զարթոնք»  ազգային  երգի-պարի համույթը։

 «Տարբեր ազգագրական խմբեր Երևանի տարբեր մասերում՝ հրապարակներում, մարդաշատ վայրերում ֆլեշմոբ են իրականացնում՝ մեր ժողովրդին նախապես տեղեկացնելով, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19-ին,  Կասկադում տեղի է ունենալու    «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս ֆլեշմոբերը   «Գութան»-ի նախատոն են դառնում», - մեր թղթակցի հետ զրույցում նշեց  «Զարթոնք» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում   ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ում մտահղացմամբ և նախաձեռնությամբ է սկիզբ դրվել փառատոնին, նշել է․  «Փառատոնի ընթացքում   ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ: Փառատոնի միջոցով փորձում ենք տարածել ազգային մշակույթը: Մասնակցում է 19 ազգագրական երգի-պարի խումբ, ընդհանուր թիվը 400-ն է, որից 350-ը անկախության սերնդի երիտասարդներ են: Այսինքն, սա հաղթանակ է, ցույց է տալիս, որ ոչինչ կորած չէ: Մեր ազգային մշակույթի ջահն այսօր բարձրացնում է անկախության սերնդի երիտասարդը»։ 


Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ