Քաղաքական - «Մեր ամբողջ գույքը նրա անունով գրանցվեց». Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դերասանի ներկայիս կնոջ մասին

 

Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանա Վլասովան 2015 թվականին բաժանվեցին: Գրեթե անմիջապես հետո արտիստն օրինականացրեց հարաբերությունները երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: 37-ամյա Վիտալինան դարձավ Ջիգարխանյանի թատրոնի տնօրենը, իսկ արտիստի նախկին կինը խոստովանեց, որ դեռ զգացմունքներ ունի Ջիգարխանյանի հանդեպ եւ հայտարարեց, որ նրա նոր կինն ամեն ինչ իրենով է արել:


Մինչ այդ՝ Տատյանա Վլասովան դատարանի որոշմամբ պատրաստվում է ազատել Արբատի իրենց համատեղ բնակարանը:

«Այս տարվա սեպտեմբերի ես եւ Արմեն-ջանը, ինչպես միշտ նրան անվանում եմ, կտոնեինք մեր ոսկե հարսանիքը: Ես դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում նրան պոկել սրտիցս... Հաճախ մտածում եմ, թե ինչ կասեի Արմենին, եթե մենք, ամեն դեպքում, հանդիպեինք: Վիտալինան առայժմ մեզ թույլ չի տալիս հանդիպել: Հիշում եմ՝ մեր համատեղ կյանքի ընթացքում նա մի օր ասաց. «Ես քեզ երբեք չեմ լքի: Դա նման կլինի ձեռքը կտրելուն»: Հիմա նրան կհարցնեի. «Ինչպե՞ս ես «առանց ձեռքի»... Ես սիրում էի Արմենին»,- «Комсомольская правда»-ին է ասել Վլասովան:

Նա խոստովանում է, որ պարբերաբար հետեւում է իր հաջողակ մրցակցուհու Instagram-ին, որպեսզի իմանա, թե ինչպես է ապրում նախկին ամուսինը:

«Պարզվում է՝ խանդն ինձ օտար չէ... Ծանոթներս ասում են՝ ինչո՞ւ ես այդ ամենը կարդում, թունավորում քեզ: Պարզապես անհանգստանում եմ, ուզում եմ իմանալ՝ ինչպես է: Լուսանկարներում, կարծես, լավ է, ժպտում է: Իսկ ծանոթներն ասում են՝ վատառողջ է: Թատրոնից ինձ ասում են, որ Վիտալինան նրա գուլպաներն է հագցնում: Հիմա նա ամբողջությամբ նրանից է կախված, ծերացել է: Բայց մի՞թե ես չէի կարողանա հոգ տանել նրա մասին, ինչպես մեր համատեղ կյանքի ընթացքում»,- ասում է արտիստի նախկին կինը:

Վլասովան վստահ է, որ ամուսնու այժմյան կինը Ջիգարխանյանին իր դեմ է տրամադրում: 
«Արմենը տարիքի եւ հիվանդությունների պատճառով ամբողջությամբ կախված է նրանից: Նա ուզում էր ամուսնանալ Արմենի հետ եւ հասավ ուզածին: Իսկ հետո հասավ նրան, որ մեր ամբողջ գույքն իր անունով գրանցվի»,- հայտարարում է Տատյանա Վլասովան:

Նրա խոսքով՝ Արմենն ու Վիտալինան երեք բնակարան ունեն, թատրոնում՝ լավ աշխատավարձ: Իսկ ինքը չնչին թոշակ ունի եւ Արբատի բնակարանի կեսը:

«Կարծում էի՝ ինձ կտա իր կեսը, որպեսզի ես ծերությունս հարմարավետության մեջ անցկացնեմ: Բայց նրանք դատարան դիմեցին այդ բնակարանի համար, հետո էլ որոշեցին դատարանով կիսել Ամերիկայի տան վաճառքից ստացված գումարը: Իսկ ես պարզապես ուզում էի ապրել՝ իմանալով, որ վաղվա օրվա մասին մտածելու կարիք չունեմ»,- բողոքում է կինը:

Նա, միաժամանակ, վստահ է, որ եթե իրենք հանգիստ խոսեին, խաղաղությամբ կլուծեին բոլոր խնդիրները: Բայց, Տատյանայի խոսքով, նախկին ամուսնու հետ չի կարողանում շփվել ոչ միայն Վիտալինայի պատճառով, այլ Արմենն ինքն էլ չի պատասխանում իր զանգերին: Ընդ որում՝ Տատյանա Վլասովան չի բացառում, որ Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինն անկեղծորեն սիրում են միմյանց:

«Նրանց լավագույնն եմ մաղթում: Բայց եթե Արմենը պարզապես ասեր՝ «Ների՛ր», ես ամեն ինչ կներեի: Եվ վաղուց յուրաքանչյուրս մեր կյանքով կապրեինք»,- ամփոփում է դերասանի նախկին կինը:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ