Քաղաքական - Հերոսներն անմահ են. Սուրեն Ճարատանյան-62

 
 
     Սուրեն Ճարատանյանն այսօր կդառնար 62 տարեկան: Հարազատների մասին դժվար է խոսել անցյալ ժամանակով, ու թերևս պետք էլ չէ, որովհետև Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի մասնակից, երկար տարիներ «Հաճըն» հայրենակցական միության քարտուղար Սուրենն այսօր էլ մեր` հաճընցիներիս կողքին է, մենք մշտապես զգում ենք նրա ներկայությունը, քանի որ բարեկամի ու ընկերոջ համար յուրաքանչյուրիս սրտում միշտ էլ տեղ կա:
     Հաճընցիների թոռ Սուրեն Ճարատանյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 22-ին: Դպրոցն ավարտելուց հետո  մեկնել է Բելառուս և ծառայել հակաօդային պաշտպանության զորքերում: Բանակից վերադառնալուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետ: Ամուսնացել է 1978 թ.: Սուրենը Երևանի մետրոպոլիտենի հիմնարկեքի առաջին իսկ օրվանից աշխատել է սկզբում որպես թունելի ավագ վարպետ, այնուհետև` գիծ ծառայության պատասխանատու: 1988 թ. անդամագրվել է «Արաբկիր ջոկատներ» կամավորական զորամիավորմանը, իսկ 1990 թվականից ծառայել Ներքին գործերի նախարարության Հատուկ գնդի 9-րդ հատուկ վաշտում: 1992 թ. «Արաբկիր» զորամիավորման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Նարիշտար գյուղի ազատագրմանն ու Վանք և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին: Նույն ջոկատի կազմում դարձյալ 92-ին մասնակցել է նաև Հադրութի շրջանի Սարինշենի հատվածի մարտական գործողություններին: 1993-ի օգոստոսից ավագ լեյտենանտ Սուրենն անցել է պայմանագրային ծառայության 5-րդ բրիգադում: Նա կապի դասակի հրամանատար էր, երբ ծառայությունն ավարտեց զինադադարի պայմանագրի ստորագրման օրը: Այսքանով, սակայն, նրա կյանքի ռազմական փուլը չսահմանափակվեց, այն շարունակվեց ու նոր թափ ստացավ տարիներ հետո, երբ Մայր հայրենիքը նորից օգնության կանչեց իր նվիրյալ զավակներին, և Սուրենը կազմ ու պատրաստ նետվեց ամենաթեժ մարտերի մեջ` առաջին շարքերում նորակոչիկների հետ ուս ուսի տված պայքարելու և պաշտպանելու սրբազան հայրենիքը:
     Ապրիլի յոթն էր, Թալիշում, Մռավ լեռան լանջին թեժ հրաձգություն էր: Սուրենը նկատեց, թե ինչպես թշնամու արձակած գնդակներից մեկը տապալեց խրամատ ցատկել փորձող երիտասարդ զինվորին: Պատերազմի բովում կոփված Սուրենը նետվեց նրան փրկելու, սակայն չուշացավ նաև իր բաժին գնդակը: Ընկերները կարողացան երկուսին էլ հասցնել հիվանդանոց. փառք Աստծո, երիտասարդ զինվորը կենդանի է, իսկ Սուրենը… Նրա երեք անգամ վիրահատված սիրտը չդիմացավ, ու ապրիլի լույս ութի գիշերը Սուրենը բռնեց հավերժի ճամփան: Նա գնաց` միանալու իր լույս նախնիներին`հաճընցի երևելիներ Մեծն Մուրադին, Արամ Կայծակին, Սարգիս Ճեպեճյանին ու մյուս հերոսներին:
     Սուրենի հիշատակը միշտ վառ կմնա մեր հոգում, իսկ նրա` անմնացորդ հայրենանվերի կերպարը բոլորիս կհիշեցնի, որ մահ իմացյալ անմահություն է: 
     Կենդանի կենացդ, եղբա՛յր… 
 
 
«Հաճըն» հայրենակցական միություն
Ատենապետ` Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ