Քաղաքական - «Միսս Արմենիա» մրցույթն անաչառ չի՞ անցկացվում․ մրցույթի մասնակիցը դիմում է Գոհար Հարությունյանին

Նորաձևության աշխարհն ընդհանրապես ու գեղեցկության մրցույթները մասնավորապես ինձ համար վաղուց եղել են գեղեցկության վերաձևակերպման ու կարևոր գաղափաների՝ գեղեցկության միջոցով տարածման հարթակ: Երևի հենց դա էր պատճառը, որ մանկուց հետևում էի «Միսս տիեզերք» մրցույթին, որ ամենագրավիչն էր ինձ համար, քանի որ այնտեղ գնահատվում էր ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև մասնակիցն ամբողջությամբ՝ թե ինչեպ է իրեն դրսևորում այդ օրերի ընթացքում, ինչպես է ներկայացնում իրեն ու իր երկիրը ու ինչպես է, ի վերջո, պատասխանում ժյուրիի կողմից պատրաստած կարևոր հարցերին: Բայց նախքան այդ մրցույթում հայտնվելը՝ մասնակիցը նախ և առաջ պիտի հաղթի իր հայրենիքում կազմակերպած գեղեցկության մրցույթում: Թերևս հենց դա էր պատճառը, որ սկսեցի հետաքրքրվել նաև մեր դաշտով: Հիասթափությունս, իհարկե, շատ դեպքերում մեծ էր, բայց այս դաշտում ինձ արդեն պահում էր ոչ այնքան մրցույթի հանդեպ ունեցած սերս, այլ նորաձևության, գեղեցկության մրցույթների կազմակերպման դաշտի ուսումնասիրությունը: Հենց այդ գլխավոր մոտիվացիայով որոշեցի մասնակցել այս տարի կազմակերպված «Միսս Հայաստան» (արդեն այլ անվամբ) մրցույթին ու ինքս ինձ խոստացա, որ անպայման հրապարակելու են այն, ինչ կատարվում է այդտեղ: Իհարկե, նախ և առաջ ուզում էի չհիասթափվել, քանի որ Գոհար Հարությունյանը, ով հաղթել էր դեռևս Արա Երնջակյանի կազմակերպած «Միսս Հայաստան» մրցույթում և ում կերպարը գրավիչ էր ինձ համար, շատ համոզիչ էր խոսում իր ելույթներում՝ նախընտրական փուլից առաջ: Ինչևէ, եղավ այն, ինչ եղավ...
Վաղն արդեն մրցույթի եզրաակիչ փուլն է, այնպես որ հրապարակում եմ նամակը, որն ուղարկել էի Գոհար Հարությունյանին և որն այդպես էլ անպատասխան մնաց, հրապարակում եմ, բայց այս անգամ արդեն որպես բաց նամակ՝ առանց շտկումների և խմբագրման: Նպատակս ավելի շատ ոչ թե մրցույթի լավ կամ վատ կազմակերպումն է, այլ մի քանի փաստերի արձանագրումը, որ հաջորդ տարիների մասնակիցներին կօգնի հասկանալ՝ արժե՞ արդյոք մասնակցել մրցույթին, թե՞՝ոչ:

Նամակ Գոհար Հարությունյանիան

Հարգելի և սիրելի' Գոհար, հուսով եմ նամակս կկարդաք մինչև վերջ:
Երբ առաջին անգամ տեսա «Միսս Արմենիա 2017»-ի հայտարարությունը և ծանոթացա այն մոտեցումներին, որ որդեգրել եք նոր կամակերպվող մրցույթի համար, ոգևորությունս մեծ էր: Քանի որ բոլորս գիտենք, թե ինչպես են կազմակերպվել նախորդ տարվա մրցույթները, ու ինչպես է հեղինակազրկվել այն:
Որոշեցի անպայման մասնակցել, բայց, ցավոք, հիասթափության զգացողություն ունեցա հենց նախընտրական փուլին մասնակցելու ժամանակ: Այդ օրն արդեն համոզված էի, որ հետագա փուլեր անցնելու շանսեր չունեմ՝ չնայած այն բանին, որ թե՛ մասնակիցներն էին քիչ, թե՛, առավել ևս, մարզերից դիմած մասնակիցները: Դա հասկացա դեռ մինչև իմ ելույթը: 
Դուք Ձեր նախորդ հարցազրույցներում նշում էիք, որ մրցույթն անաչառ է լինելու, ժյուրիի անդամներն ընտրվելու են միայն մրցույթից անմիջապես առաջ, որպեսզի հնարավորինս բացառվի ծանոթ-բարեկամ գործոնը: Բայց, ի՞նչ եք կարծում, հնարավոր է նախընտրական փուլն անաչառ անցկացնել, եթե հանձնաժողովի կազմում են Հայաստանի մոդելային դաշտի ամենահայտնի ներկայացուցիչները, ովքեր որոշակի առնչություն են ունեցել յուրաքանչյուրի հետ, ով երբևէ ուժերը փորձել է մոդելային ասպարեզում, և որոշակի վերաբերմունք են ձևավորել այս կամ այն մարդու հանդեպ: Եթե անգամ նրանք ամենաանաչառ ու արդար մղումներն ունենան, համակրանքի և հակակրանքի գործոնը, կարծում եմ, ամբողջությամբ անհնար է բացառել: 
Նախընտրական փուլերից առաջ պատրաստված հոլովակներում, լրագրողական նյութերում հիմնականում շեշտվում էր հենց Ձեր անունը, ինչն էլ մեծ ոգևորություն առաջացրեց շատերի մոտ, Դուք մեկն եք, ով այնքան էլ առնչություն չի ունեցել նախկինում կազմակերպված որևէ մրցույթի հետ, Դուք մեկն եք, ով իսկապես կարող է գնահատել մարդու գեղեցկությունն ամբողջությամբ ու մեկն եք, ով չի ճանաչում դաշտն ու հստակ վերաբերմունք չունի այս կամ այն մարդու հանդեպ: Ինչպես նաև խոսվում էր Հարություն Տորտիկյանի և Գևորգ Շադոյանի մասին: Բայց ի՞նչ է ստացվում… Անկեղծ լինեմ և ասեմ, որ եթե ինքս իմանայի, որ Հայաստանի մոդելային դաշտի ամենահայտնի ներկայացուցիչները լինելու են հանձնաժողովի կազմում, երբեք չէի մասնակցի մրցույթին՝ չնայած նրանց հանդեպ ունեցած մեծ հարգանքին: Որովհետև մենք ուզում ենք ստեղծել մի նոր բան, բայց վերադառնում ենք հնին, ամենը ստացվում է այնպես, ինչպես կար, ոչինչ չի փոխվում: Ինձ մոտ դեժավյուի զգացողություն է…
Այնուամենայնիվ, ես երկու օր առաջ հետևյալ բովանդակությամբ նամակ ստացա, ինչն ինձ համար բոլորովին անսպասելի չէր. « Ողջույն, «Միսս Արմենիա» մրցույթի կազմկոմիտեն որոշեց Ձեր մասնակցությունը հետաձգել մրցույթում։ Շնորհակալ ենք նախընտրական փուլին Ձեր մասնակցության համար։ Հուսանք՝ հաջորդ տարի էլ ավելի պատրաստված կներկայանաք եւ հնարավորություն կունենանք դուրս գալ եզրափակիչ փուլ։»
Հարց է առաջանում՝ ինչ ասել է՝ ավելի պատրաստված կներկայանաք, եթե որևէ թերության մասին չի նշվում, որ մասնակիցը կարողանա աշխատել և հետագայում ներկայանալ: Երկրորդ՝ Դուք նշում էիք, որ փնտրում եք մեկին, ով հայ կնոջ կերպարը կներկայացնի մրցույթում: Ինքս ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, լրատվական կայքերից մեկում շարք ունեմ հայկական անհետացող արհեստների մասին, որտեղ բացահատում եմ այդ արհեստները, գտնում ու զրուցում եմ մարդկանց հետ, ովքեր զբաղվում են դրանցով: Ինքս էլ զբաղվում եմ գորգագործությամբ, ասեղնագործությամբ, այլ արհեստներով: Սրանք իմ հետաքրքրությունների մի մասն են միայն: Էլ ի՞նչը կարող է բնութագրական լինել հայ կնոջ համար, եթե ոչ հայկական մշակույթի, արվեստի ու արհեստների ուսումնաիրությունը, պահպանումն ու տարածումը…
Դուք նախընտրական փուլից հետո անցկացված հարցազրույցի ժամանակ նշում եք, որ մարզերից դիմումները սահմանափակ են և մարզերից նույնպես ուզում եք մասնակիցներ ունենալ: Ինքս էլ նախընտրական փուլում մարզից որևէ մասնակից չտեսա: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ մարզից մասնակցող մեկին անգամ առաջին փուլն անցնելու հնարավորություն չի տրվում: Եթե այդ մեկը, կարծես թե, Ձեր նշած որևէ պարամետրի չի հակասում (էլ չխոսեմ համապատասխանելու մասին)՝ թե՛ իր հետաքրքրություններով, թե՛ լեզուների իմացությամբ, թե՛ ֆիզիկական չափորոշիչներով:
Ինչևէ, սա մրցույթին մասնակցելու իմ վերջին հնարավորությունն էր, հիմա ես մեկն եմ, ով այլևս հավակնություն չունի մրցույթին մասնակցելու, և ինձ նպատակահարմար կլիներ ուղղակի լռել, ոչինչ չասել և անցնել առաջ: Բայց, ինչպես Դուք, հարգելի' Գոհար, այնպես էլ ես ու իմ նման շատ մարդիկ մտահոգ են մրցույթի ապագայի համար: Հուսով եմ՝ հետագայում, հանուն մրցույթի բարօրության, հաշվի կառնեք դիտարկումներս, որովհետև քննադատությունն է զարգացման լավագույն ուղիներից մեկը:

Հարգանքներով՝ Մարգարիտա Ղազարյան

Pan-Armenian Beauty Contest 2017

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ