Քաղաքական - Մեր իշխանությունները, որտեղից քամին փչի, այդ ուղղությունն էլ կբռնեն. Տիրան Լոքմագյոզյան


«Մեր քաղաքական գործիչները այս ոչ շախմատային մտածելակերպով երբեք առաջ չեն գնա, ուստի խոսել անկախության հռչակումից մինչ այսօր ունեցած հաջողությունների մասին ես հարկ չեմ համարում»,- վստահ է թուրքագետ, «Ակօս» թերթի նախկին աշխատակից` Տիրան Լոքմագյոզյանը, ով անկախության 26 ամյակի նախօրեին լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր իշխանությունները ապրում են պահի ազդեցությամբ, որտեղից քամին փչի, այդ ուղղությունն էլ կբռնեն:
Ըստ բանախոսի՝ անկախության տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ չունի նաև այն պատճառով, որ միշտ ակնկալել է գերտերությունների, մասնավորապես Ռուսաստանի թելադրանքը ու աջակցությունը և ոչ մի քայլ չի արել, ինչը կբխի նախ և առաջ մեր՝ հայկական շահերից և գուցե կհակադրվի ռուսական շահերին: Այնինչ նույն Ռուսաստանը բազմիցս մեր շահերին հակադրվել է և անպատիժ մնացել, շատ անգամ մեզ ծախել:
Խոսելով սպասվելիք Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի մասին, արդյոք եթե հանրաքվեն դրական լուծում ստանա, դա չի կարող խթան համդիսանալ Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար Tesaket.info-ի հարցին ի պատասխան բանախոսը կարծում է, որ դրանք երկու տարբեր հարթություններում դիտարկվող հարցեր են, և երբեք, ինչը կարող է ընդունելի լինել մեկ պետության համար, ընդունելի չի մյուսների պարագայում: Դա այլ խնդիր է, երբ ի մերժումն մեր դիվանագետները բերեն հակադարձումներ, որ նման դեպքեր կան, երբ բնակչությունն ինքն է որոշում անկախ միավոր լինել, թե ոչ, սակայն մեր դիվանագետները նման հզոր հայտարարություններ կանե՞ն: Բանախոսը շատ կասկածում է:
Ի՞նչ կասեք Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների լարման մասին, գուցե Թուրքիայի՝ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ իր կոշտ քաղաքականությամբ է պայմանավորված նրանց հարաբերությունների լարումը, չէ՞ որ նա ըստ էության կորցրել է իր ռազմական դաշնակցին հարցին բանախոսը պատասխանեց, որ նախ և առաջ նման լարվածությունը պայմանավորված է Թուրքիայում գերմանացի լրագրողների ձերբակալմամբ, ինչի արդյունքում անգամ Մերկելը, որքան էլ փորձի, չի կարողանա դիմակայել ճնշումներին ու շարունակել պաշտպանել Էրդողանին:
Ադրբեջանում սպասվում են լուրջ փոփոխություններ և Ալիևի լուրջ առողջական խնդիրների արդյունքում նախագահությունը կանցնի նրա տիկնոջ՝ Մեհրիբանի ձեռքը, իսկ փորձագետներն ասում են, որ նա չունի այն հեղինակությունը իր ժողովրդի մոտ, ինչ ուներ ամուսինը, ուստի կփորձի Ղարաբաղյան հարցի միջոցով այն վայելել և հեռու չէ երկրորդ ապրիլի մեկը: Ի՞նչ կասեք այս մասին և արդյոք այս պարագայում Հայաստանը ունի լուրջ դաշնակից, ում օգնությանը կարող է ապավինել և մենակ դեմ դուրս չգալ Ադրբեջանին հարցին պատասխանելով Պրն. Լոքմագյոզյանը ասաց, որ այսօր նման ոչ մի դաշնակից Հայաստանը չունի, ի տարբերություն նույն Ադրբեջանի, որն ունի Թուրքիա: Եթե անգամ շատ այլ հարցերում այս երկու երկրների շահերը չեն համապատասխանում, ապա այս մեկ հարցում միակարծիք են, և կմիավորվեն՝ ի դեմս մեզ: «Մենք անգամ ուժ չունեցանք ու հիմա էլ չունենք դիմակայելու բնական աղետներին, եթե օրինակ 88 թվականի երկրաշարժը կրկնվի, մենք դեմը կկարողանա՞նք առնել, իհարկե՝ ո՛չ: Այսօր էլ կառուցվում են թույլ հիմքով շենքեր, նախկինները չեն նորոգվում և այլն, անգամ այս ամիսներին հրդեհների դեմը չկարողացանք առնել: Բոլորն էին խոսում, որ ամենաշոգ ամառն է սպասվում, իսկ մենք նստած ոչինչ չէինք արել, որ այդ հրդեհներից խուսափեինք կամ ունենայինք համապատասխան հարուստ տեխնիկա՝ կրակի դեմն առնելու համար: Էլ ինչի՞ մասին ենք խոսում»,- եզրափակեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ