Մամուլ - «Փաստ». Գյուղերում անասունների մասսայական մորթ է սկսվել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական մորթ է սկսվել: Խոտի բերքն այս տարի մարզում պակաս է: Գյուղացիները, չկարողանալով բավարար քանակի անասնակեր կուտակել, այսօր արդեն սկսում են խոշոր ու մանր եղջերավորներին սպանդի ենթարկել: Ցրտաշունչ ձմեռն ու գարնան եղանակային անակնկալները փչացրել են բերքը: Մեկ հակ խոտի արժեքը տատանվում է 1200–1500 դրամի սահմաններում: Խոտի քիչ բերքի ու բարձր գնի պատճառով ֆերմերներն այսօր ստիպված են կրճատել անասունների գլխաքանակը:

«7–8 ամիս մեր շրջանում ձմեռ է, առանց այն էլ այստեղ անասնապահությունը խստաշունչ ձմռան պատճառով ձեռնտու չէ, իսկ այս տարի էլ ընդհանրապես խոտ չկա: Մարդ կա 5–6 անասուն ունի, նա կարա՞ էդքան անասունի համար խոտ առնի, պետք է վարկ վերցնի խոտ առնի, դե էդ դեպքում կսնանկանա, դրա համար սաղ սկսկել են ունեցած անասունները վերացնել: Եթե մարդ կա 2 անասուն էր նախատեսում ծախել, այսօր եղած 4–ն էլ ծախում է»,– պատմեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Վիրաբ Բաղդասարյանը:

Խոտը Երանոսում նույնպես պակաս է. գյուղի բարձրադիր հատվածներում այն ընդհանրապես այս տարի չի եղել: Նախորդ տարվա համեմատ խոտը 60–70%–ով այստեղ քիչ է:

«Ոչ մեկը խոտ գրեթե չի առել, ինչ հավաքել ենք մեր դաշտերից՝ դա է, մարդիկ սաղ, սաղ՝ կով է, ոչխար է ծախում են»,– դժգոհեց երանոսցի Ժորա Ժամհարյանը:

Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բերքատվության ցածր արդյունք:

Մարզպետարանից փոխանցած տվյալներով՝ այս տարի արտադրվել է 67916 տոննա հացահատիկ, 208000 տոննա կարտոֆիլ, 37000 տոննա բանջարեղեն եւ 280000 տոննա խոտ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ