Մշակույթ - Շարլ Ազնավուրը Փառքի ծառուղում իր անվանական աստղը կունենա

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն օգոստոսի 24-ին կայանալիք Անվանական աստղերի բացման արարողությանը Հոլիվուդի Փառքի ծառուղում իր անվանական աստղը կստանա:

«Շարլ Ազնավուրն աշխարհահռչակ երգիչ է, ում ճանաչում են ամբողջ աշխարհում ու սիրում բոլոր սերունդները: Նրա ֆրանսիացի հայրենակիցները ուրախ կլինեն Հոլիվուդի Փառքի ծառուղում տեսնել Շարլ Ազնավուրի անվանական աստղը»,- Asbarez-ի փոխանցմամբ՝ ասել է Փառքի ծառուղու արարողությունների կազմակերպիչ Աննա Մարտինեսը:

Փառքի ծառուղում անվանական աստղ ստանալու համար Ազնավուրի թեկնածությունը առաջարկել էր Քալիֆորնիայի Սենատի նախագահ Թեմ Քեւին դե Լեոնը, ով ելույթ է ունենալու Անվանական աստղի բացման արարողության ընթացքում։

Նշենք, որ նախորդ տարի 93-ամյա Ազնավուրն ԱՄՆ հայ համայնքի կողմից Փառքի ծառուղու անվանական հուշատախտակ էր ստացել՝ արվեստի ոլորտում ունեցած ավանդի համար:

Լեգենդար շանսոնյեի հետ Փառքի ծառուղում աստղ կստանան նաեւ Լին Մանուել Միրանդան, Snoop Dogg-ը, ICE T-ն, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Սայմոն Քոուելը, Մերի Ջի Բլայջը, Շոնդա Ռայմսը, Լինդա Քարթերը, Սըր Ռիչարդ Բենսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջինա Լոլոբրիջիտան, Ջիլիան Անդերսոնը։

 

93-ամյա Շառլ Ազնավուրն ավելի քան 1200 երգ է հեղինակել եւ վաճառել 800 մլն սկավառակ։ Նրան կոչում են ֆրանսիական «Ֆրենկ Սինատրա»։ Նա մինչ օրս համարվում է աշխարհում ամենասիրված շանսոնյեներից մեկը։

Նյութի աղբյուր՝ news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ