Մշակույթ - Ժողովրդական երգն իմ արյան մեջ է․ Սամվել Ավետիսյան

Ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյը մի առիթով ասել է՝ եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտին, նա իր գործում կատարյալ կլինի։ Այս խոսքերը դիպուկ բնութագրում են տաղանդավոր երգիչ, մանկավարժ Սամվել Ավետիսյանին։ Նրա սաները միշտ հիացմունքով ու հպարտությամբ են խոսում վարպետի մասին, բացի այդ՝ նրանք մասնակցում են բազմաթիվ միջազգային մրցույթների ու գրավում պատվավոր հորիզոնականներ, իսկ սա խոսում է այն մասին, որ վարպետի աշխատանքը արգասաբեր է․ նրա նվիրումն իր պտուղներն է տալիս։
 
Մեր թղթակիցը զրուցել է վարպետի հետ։ Զրույցի ընթացքում Սամվել Ավետիսյանը պատմել է իր անցած ճանապարհի, աշխատանքային բեղմնավոր տարիների և ապագա երգիչների հետ աշխատելու հմտությունների ու գաղտնիքների մասին։
 
 
«Երաժտական ուղին սկսել եմ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանից: Իմ առաջին դասատուն եղել է Ադա Յանովսկայան: Բախտս բերել էր, որ  հենց իր դասարանում էի հայտնվել: Նա լեհուհի էր: Ժամանակին երգել է «Լա Սկալա»-ում։ Նա դասական երգեցողության արվեստին հիանալի էր տիրապետում, օպերային երգչուհի էր: Մեր ժամանակ ժողովրդական երգեցողության բաժին չկար, միայն դասական էր․ ես սովորում էի դասական երգեցողության բաժնում։ Ուսումնարանում ուսանելու տարիներին ծառայեցի նաև բանակում։ Այս տարիներին արդեն իսկ սկսել էի երգել և ողջ Անդրկովկասի զինվորական երգի-պարի համույթի սոլիստ էի։ Բանակից վերադառնալուց հետո ավարտեցի ուսումնարանը։
 
 
Այդ տարիներին մեծ սեր ու հռչակ էր վայելում Սուրեն Գյանջումյանի ղեկավարած «Կանազ» ժողովրդական պարի համույթը: Գյանջումյանը մեզ դասավանդում էր ուսումնարանում։ Նա լսեց ինձ և, հավանելով իմ ձայնային տվյալները, ինձ ներառեց իր պարի խմբում՝ որպես մեներգիչ։ «Կանազ» ժողովրդական պարի համույթի հետ շրջագայել եմ գրեթե ամբողջ Եվրոպայում։
 
1977-ին արդեն ընդունվեցի Կոնսերվատորիա։ Դարձյալ կարող եմ ասել՝ բախտս բերեց․ ընդունվեցի Թամարա Շահնազարյանի դասարանը․ նա մեր ամբողջ երգարվեստի մայր-ուսուցիչն է եղել։ Իսկապես, հիանալի մասնագետ էր: Ցավոք, երբ դեռ երկրորդ կուրսում էի սովորում, Թամարա Կոնստանտինովնան հեռացավ կյանքից։ Դա շատ ցավալի էր։ Այդպիսի պրոֆեսոր,վոկալի մասնագետ Հայաստանը դեռ չի ունեցել։ Թամարա Շահնազարյանի մահից հետո ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանը դարձավ բաժնի վարիչ ու ինձ ընդունեց իր դասարան։ Պետք է ասել, որ մեր կուրսում ուսանում էին Բարսեղ Թումանյանը, Էլինար Շահենը, Ռազմիկ Մանսուրյանը։ Կարող եմ ասել՝ մեր կուրսը հաջողված էր։
Ես շարունակում էի մասնակցել համերգների, պատրաստվում էի մասնակցել միջազգային հեղինակավոր մրցույթների, բայց չորրորդ կուրսում ձայնալարերի հետ կապված՝ լուրջ խնդիրներ ի հայտ եկան։ Ես օպերային ստեղծագործություններ էի կատարում․ տենոր էի։ Ծանրաբեռնվածությունն, իսկապես, շատ մեծ էր և, ցավոք, այդպիսի խնդիր ունեցա։ Ակնհայտ էր՝ ես պիտի մոռանայի բարդ երգեր կատարելու մասին, և ստացվեց այնպես, որ ես սահուն կերպով այսպես ասած՝ անցում կատարեցի դեպի ժողովրդական երգարվեստը, թեև, այդուամենայնիվ, պետք է նշեմ՝ ես մինչ այդ էլ երգում էի ժողովրդական երգեր։ Ժողովրդական երգն իմ արյան մեջ է. մեր ընտանիքում միշտ լսել եմ մեր ազգային երգը: Հայրս և հորաքույր հիանալի երգում էին:
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ես շատ մտերմացա Արուսյակ Սահակյանի հետ։ Նա մեզ ազգագրություն էր դասավանդում։ Ես երգում էի նրա ղեկավարած «Նարոյ» խմբում, որտեղ ազգագրական երգեր էինք կատարում։ Դեռ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին խորամուխ եղա ազգագրության ուսումնասիրությանը և ստեղծեցի «Բյուրակն» համույթը։ Ի դեպ, այժմ վերականգնում ենք այն։ Այն առաջին մանկական համույթն էր, որին պետությունը հովանավորում էր։ Այն ժամանակ Պոլիտոխնիկ ինստիտուտում ամեն տարի կազմակերպվում էր փառատոն, որտեղ հանդես էին գալիս հայտնի համույթներ «Ակունքը», «Մարաթուկը»․․․․ Արուսյակ Սահակյանն առաջարկեց, որ «Բյուրակնը» ևս մասնակցի այդ մրցույթին։ Եվ, պատկերացրե՛ք՝ մենք առաջին հորիզոնականը զբաղեցրինք։ Դա մեզ համար, իսկապես, մեծ հաջողություն էր:
 
 
Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես որոշեցի, որ պետք է գնամ ժողովրդական երգարվեստի ուղղությամբ, քանի որ ինչպես նշեցի, ձայնալարիս վնասվածքից հետո ակնհայտ էր՝ օպերային արվեստում արդեն թուլացել էի։ Այդ տարիներին նոր-նոր կազմավորվում էր Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը, որի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Ալթունյանն էր։ Ես ընդունվեցի այդ համույթ՝ որպես մենակատար։ Ժողովրդական երգեր կատարելու հետ կապված՝ խնդիրներ, բարեբախտաբար, չունեի։ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթում երգեցի 15 տարի։ Մենք համերգային շրջագայություններով եղանք բազմաթիվ երկրներում», - մեր թղթակցի  հետ զրույցում պատմեց Սամվել Ավետիսյանը։
 
 
Այս երկար ճանապարհն անցնելուց հետո նա որոշում է, որ պետք է զբաղվի մանկավարժական գործունեությամբ։
 
 
«Ես հստակ որոշել էի՝ պետք է զբաղվեմ մանկավարժական աշխատանքով և սկսեցի դասավանդել Կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում, որտեղ աշխատում եմ մինչ օրս: Դրանից հետո սկսեցի դասավանդել նաև Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում՝ ժողովրդական երգի բաժնում։ Արդեն 11 տարի է, ինչ այնտեղ դասավանդում եմ։ Իսկապես, շատ լավ սաներ եմ ունեցել։ Վերջին տարիներին իմ սաներից մի քանիսը՝ Արման Խաչատրյանը, Վարդուհի Գրիգորյանը, Արսեն Ասատրյանը ժողովրդին հայտնի դարձան հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախագծից։ Բացի այդ՝ իմ սաներից բազմաթիվ հայտնի օպերային երգիչներ կան։
Իմ ուսանողներից Արման Խաչատրյանը 2015 թվականին Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միջազգային մրցույթին մասակցեց և «Գրան պրի» շահեց։ Էլի ունեմ սաներ, որոնք, իսկապես, մեծ հաջողությունների են հասել։ Այս տարի իմ սաներից չորսը «Արտ Մյուզիք» մրցույթ-փառատոնում չորս ոսկե մեդալ է շահել։ Պետք է նշեմ՝ այս տարի ինձ հրավիրեցին Մխիթար Գոշի անվան համալսարան, և ես դասավանդում եմ նաև այնտեղ»։
 
 
Ըստ Սամվել Ավետիսյանի՝ վոկալի ուսուցիչն իր սանին պետք է նախ մարզի դասական երգեցողության որոշ օրենքներով. դա երգչի համար կարող է հիմնասյուն դառնալ, ինչպես նաև օգնում է տիրապետել ձայնի արվեստին։
«Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ վոկալի դասատուն իր սաներին երգեր է սովորեցնում։ Այդ կերպ նա իր սանին ոչ թե վոկալ ու շնչառություն է սովորեցնում, այլ երգ։ Դա նշանակում է՝ տվյալ դեպքում երգիչը կկարողանա երգել սահմանափակ քանակով ու սահմանափակ ժանրի ստեղծագործություններ։ Դրա համար էլ ապագա երգչին հարկավոր է ոչ թե երգ սովորեցնել, այլ՝ երգել։ Իսկ երգել սովորեցնելու համար հարկավոր է փորձ ու հմտություն ունենալ», - նշեց Սամվել Ավետիսյանը։
 
 
Վարպետը ընդգծեց՝ ուսանողների հետ աշխատելիս վաղուց համոզվել է՝ նրանցից յուրաքանչյուրն իր հոգեկերտվածքն ու մտածողությունն ունի և, բնականաբար, մանրավարժը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի կարողանա աշխատել իր սաների հետ ու լավ արդյունք ստանալ։ «Ամեն երգիչ իր ձայնն ունի, որը տրված է բնությունից։ Իմ դասատուն՝ Ադա Յանովսկայան ասում էր՝ որքան էլ ձայնը թրծենք, մշակենք, պետք է երգչի ձայնը բերենք, հասցնենք իր բնականին։ Ամեն երգիչ բնությունից տրված ձայն ունի, իր գույնն ու երանգն ունի։ Իսկ եթե մշակեն ու արհեստական դարձնեն ձայնը, բնությանը չմոտեցնեն, ուսուցչի բոլոր սաները իրար նման կերգեն։ Ցավոք, նման դեպքեր երբեմն պատահում են», - ընդգծեց վարպետը և ավելացրեց, որ երբ պատանի երգիչը գտնվում է մուտացիայի շրջանում, այսինքն՝ ձայնակազմավորման ժամանակահատվածում, հարկավոր է նրա հետ զգուշորեն աշխատել․ կան ձայնավարժություններ, որոնք այդ շրջանում չի կարելի անել, այլապես դա կարող է վնասել նրան։
«Փոքրերին շատ երգել չի կարելի։ Մեր ժամանակներում միայն 17 տարին լրանալուց հետո էին վոկալ պարապում, իսկ հիմա 13 տարեկանից էլ են պարապում կամ նույնիսկ 6 տարեկանից։ Չի՛ կարելի։ Հարկավոր է թողնել, որ երեխայի ձայնը զարգանա, պետք է նրա 17 տարին լրանա և այդ ժամանակ արդեն կարելի է աշխատել այդ ձայնի վրա։ Մինչև քսան տարեկանը կարելի է այն հղկել, այնուհետև այդ ձայնը պետք է բերել, մոտեցնել բնությանը, որ երգելիս հնչի նրա բնական ձայնը, բայց այն պետք է լինի հղկված ու մաքուր։ Մինչև երեսուն տարեկանը, նույնիսկ դրանից հետո էլ կարելի է ձայնը մշակել, միայն թե, այդ ձայնը մինչ այդ, այսպես ասած, պետք է փչացրած չլինեն։ Այս հարցում չի կարելի ինչ-որ հստակ տարիք սահմանել ու ասել՝ միչև այս կամ այն տարիքը կարելի է ձայնը մշակել։ Այս պարագայում կռվանը տաղանդն է։ Եթե տաղանդ չեղավ, որքան էլ աշխատեն այդ ձայնի վրա, նա երգիչ չի դառնա։ Վոկալն, իսկապես, շատ նուրբ բան է։ Բոլոր նյուանսները հարկավոր է հաշվի առնել։ Ես իմ սաների հետ աշխատելիս ամեն պահի հիշում եմ իմ վարպետների խորհուրդները, նրանց սովորեցրած գաղտնիքները, որպեսզի իմ սաներին կարողանամ տալ այն, ինչ ինձ տվել են իմ վարպետները», - եզրափակեց Սամվել Ավետիսյանը։
 
Զրուցեց Հասմիկ Բալեյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ