Մամուլ - «Դուք ներքուստ համակրում եք ամբաստանյալներին». Արա Զաքարյանը դատավորի կերպարի հոգեբանական վերլուծություն ներկայացրեց. Առավոտ

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյաննը որոշեց սանկցիա կիրառել Արեգ Կյուրեղյանի համար հրավիրված հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի հանդեպ, որն ավելի վաղ հեռացել էր նիստերի դահլիճից: Այնուհետեւ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան բոլոր մյուս պաշտպաններն ու ամբաստանյալները:

 

Ուշագրավ է, որ փաստաբանը խորհրդակցել էր հոգեբանների հետ եւ միջնորդության մեջ ներառել դատավոր Արտուշ Գաբրիելյանի հոգեբանական բնութագիրը, համաձայն որի՝ նրա լարվածության պատճառն այն է, որ ներքին համոզմունքի եւ կայացրած որոշումների միջեւ հակասություն կա:

 

Ըստ Արա Զաքարյանի՝ դա է պատճառը, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբանին դիմում է «պարոն»-ով կամ «ամբաստանյալ»-ով, սպառնում «խափանման միջոց» կիրառել, մինչդեռ փաստաբանի հանդեպ խափանման միջոցի ինստիտուտ գոյություն չունի: «Ստացվում է, որ դուք ընդգծված համակրանք ունեք ամբաստանյալների հանդեպ, գուցե՝ որպես քաղաքացի կիսում եք նրանց քաղաքական հայացքները, բայց անկարող եք նրանց կատարածը ճանաչել որպես ծայրահեղ անհրաժեշտության գործողություն: Դուք վերին աստիճանի հուզված վիճակում եք: Արդարադատության շահերից է բխում, որ դուք չքննեք այս գործը»,-հայտարարեց Արա Զաքարյանը: Նիստը կրկին ընդմիջվեց՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2017/08/02/900579/ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ