Տնտեսություն - Խիստ հանձնարարականներ ՀՀ բնապահպանության նախարարի կողմից

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին:

 

«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր: Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:

 

Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ սուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում և, «որսի սիրահարների» հանրային պարսավանք: Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ