Մշակույթ - «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ամենամյա փառատոնի մեկնարկը

Մեկնարկել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնը, որի նպատակն է պահպանել և տարածել ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գիտակցմանը:

 

Հայ ժողովրդական «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսում արտացոլված արժեհամակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում ի հայտ բերել հայ ազգի ինքնության եզակիությունը, ինչի շնորհիվ վառ ընդգծվում է ազգային-հոգևոր մշակույթի, մեր ժողովրդի ազնիվ ու հերոսական կեցության, ազատության, անկախության, միասնականության ու համերաշխության գաղափարը:

 

Փառատոնը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:

 

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:

 

Էպոսի պահպանման և հանրահռչակման այս տարվա ծրագրի նորարարությունը՝ էպոսի թեմայով ինտելեկտուալ ու ժամանցային էլեկտրոնային խաղի և էլեկտրոնային գրքի պատրաստման իրականացումն է:
Փառատոնը կարևորվում է ոչ միայն էպոսի հանրահռչակման, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակության և հայրենասիրական կրթության առումով, այլև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ