Կրթություն - «Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը

 Երեկ «Հայբուսակ» համալսարանում հյուրընկալել էր Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը: 

 

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը հյուրերին նախ ներկայացրեց «Հայբուսակ» համալսարանի անցած ուղին: Կարևորելով Իրանի հետ հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը` Անահիտ Հարությունյանը իրանցի գործընկերներին պատմեց` «Հայբուսակը» հիմնադրվել է 1990-ին, և երբ ՀՀ-ում սկսվել է բուհերի հավատարմագրման գործընթացը: «Հայբուսակ» համալսարանը առաջիններից է եղել, որ լիցենզիա է ստացել և հավատարմագրում անցել բոլոր մասնագիտությունների գծով: Անահիտ Հարությունյանը հույս հայտնեց, որ առջիկա 1 տարվա ընթացքում բուհը միջազգային հավատարմագրում կստանան:
«Մեր բուհը միակ համալսարանն է Հայաստանում, որտեղ գործում են բժշկական, միջազգային հարաբերությունների, դիզայնի ինստիտուտներ:

 

«Հայբուսակի» ուսանողների թիվը տարիների ընթացքում հասել է մինչև 7000-ի, սակայն այսօր, ցավոք, նրանց թիվը 3000-ից ավելի չէ: Ի դեպ, մեր ուսանողներից 600-ը օտարազգի ուսանողներ են, որոնց մոտ 90 տոկոսը սովորում է բժշկական մասնագիտություններով: Համալսարանն ունի կրթական բոլոր աստիճանները, ինչպես նաև ավագ դպրոց և բազային քոլեջ: Համալսարանն այսօր 400 մասնագետ ունի, որոնց զգալի մասը` 70 տոկոսը, ունի գիտական աստիճաններ և կոչումներ»,- նշեց Հարությունյանը:

 

Վերջինս հիշեցրեց` այս տարի լրանում է մեր բուհի և Իրանի հետ հարաբերությունների հիմնադրման 20-ամյակը:
«Այսինքն` 1997-ից այդ հարաբերությունները սկսվեցին` հետաքրքիր մի մրցույթով, որին մասնակցեց ոչ թե մեր բուհը, այլ Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Սակայն 1999-ին բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի համար ռազմավարական մի որոշում ընդունվեց, ըստ որի` փոքրաթիվ բուհերը պետք է միավորվեին: «Հայբուսակը» դարձավ այն կենտրոնը, որի շուրջ միավորվեցին հայաստանյան 6 բուհեր, և դրանցից առաջինը Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտն էր»,- նշեց Անահիտ Հարությունյանը:
Նա շեշտեց` բուհը մշտապես մասնակցել է Հայաստանում Իրանի դեսպանատան կողմից կազմակերպված գրեթե բոլոր մշակութային միջոցառումներին: Ադդեն ավանդույթ է դարձել, որ բուհի արևելագիտություն ֆակուլտետի ուսանողներից մի քանիսը դեսպանատան միջոցներով մեկնեն Թեհրան: Դրա շնորհիվ հայ ուսանողները այցելում եմ Իրանում գտնվող քանի համալսարաններ, ուսումնասիրում նոր լեզու, մշակույթ ու արվեստ:

 

 

«ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հայտնի է նաև տարբեր բուհերի մեջ անցկացվող իր մրցույթներով, և այդ մրցույթներին, որպես կանոն, մեր համալսարանի ուսանողները միշտ առաջին, երկրորդ տեղեր են զբաղեցրել: Բացի այդ` պետք է ուրախությամբ ասեմ, որ մեր արևելագետներն աշխատաշուկայում հեշտությամբ են իրենց տեղը գտնում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչը վկայում է, որ լեզվի իմացության մակարդակը բուհում շատ բարձր հիմքերի վրա է դրված»,- շեշտեց Անահիտ Հարությունյանը:

 

Հայաստանում իրանական թեքումով գործող 15 դպրոցներն այսուհետ կհամագործակցեն «Հայբուսակի» հետ` այս բուհին դիմորդներ տրամադրելով: Անահիտ Հարությունյանն ընդգծեց` դպրոցների հետ համագործակցությունը մեկ պայման ունի` շրջանավարտներն անպայման պետք է շարունակեն ուսումնասիրել պարսկերենը: «Այս ամենը փաստում է այն մասին, որ հայ-իրանական հարաբերությունները ոչ միայն շարունակվում են, այլև մտնելու են որակական նոր փուլ»,- ասաց նա:
Բժշկական գիտությունների համալսարանների զարգացման մասնագիտական խորհրդի քարտուղար Ահմադ Խալեղի Նեժադ Թաբարին նշեց` նման հանդիպումները մեծ կարևորություն ունեն, քանի որ դրանք նպաստում են հարաբերությունների սերտացմանն ու հետագա համագործակցության զարգացմանը:
«Իրանում մենք ունենք 62 բժշկական համալսարան, 190 000 ուսանող` տարբեր գիտական աստիճաններում սովորող: 680 գիտահետազոտական կենտրոններ ունենք, որտեղ ուսումնական պրակտիկայի են գնում ուսանողները: Մեր ուսանողները հնարավորություն են ստանում նաև այլ երկրներ այցելելու` փոխանակման ծրագրերով: Դրսում կրթություն ստացած և հայրենիք վերադարձած ուսանողները մեզ մոտ միանգամից աշխատանքի չեն անցնում, նախ պետք է 3 քննություն հանձնեն, և նոր միայն նրանց վկայագիրը վավեր կճանաչվի: Սա դեռ ամենը չէ, նրանք պետք է նաև փորձաշրջան անցնեն և նոր միայն աշխատելու հնարավորություն կտրվի նրանց, այսինքն` մենք շատ լուրջ ենք վերաբերվում առողջապահական ոլորտին

 

 

Մենք ուրախ կլինենք համագործակցել այլ երկրների համալսարանների հետ: Մենք ծանոթացանք ձեր բուհին, և մեզ հետաքրքրեց այն, այնպես որ` միշտ պատրաստ ենք համագործակցության»,- ասաց Թաբարին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ