Սպորտ - Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան խոստանում է Երևանում հիմնել ռետրո-մեքենաների թանգարան, եթե Կառավարությունը որոշի Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ մեքենան ի պահ տալ ֆեդերացիային

Սովորաբար, զարգացած երկրներում նախկին նախագահներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկած ծառայողական ավտոմեքենաները հայտնվում են թանգարաններում՝   որպես պատմական նշանակություն ունեցող հատուկ ավտոմեքենաներ: Մեր հարևան երկրներում ևս սա ընդունված պրակտիկա է։ Օրինակ, Վրաստանում ժողովրդական լեզվով ասած՝ աչքի լույսի պես թանգարանում պահպանում են   նախորդ նախագահների ծառայողական ավտոմեքենաները, իսկ մեր երկրում իրավիճակն այլ է։ Կառավարությունը որոշել է՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀ որոշ վարչապետների սպասարկած՝ 1982 թվականին արտադրված Mercedes-ը պետք է աճուրդի հանվի։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, սակայն, դեռևս չի կարողացել ավտոմեքենայի գինը որոշել ՝ այն վաճառքի հանելու համար։

 


Հիշեցնենք՝ դեռևս ամիսներ առաջ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը, անդրադառալով վերոշյալ թեմային, հայտարարություն   էր տարածել, որում նշվում էր․ «Զանգվածային լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններով պարբերաբար անդրադառնում են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենային, ինչի վերաբերյալ տեղեկացնում ենք՝ 1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի, որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար և հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով:

 


Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը՝ միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը»։

 


Մեր թղթակիցը փորձեց պարզել՝ մոտ մեկ տարվա ընթացքում որևէ բան փոխվե՞լ է, միգուցե մասնագետները արդեն հասցրե՞լ են գնահատել այս ավտոմենենան, սական ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սահակյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին, նշեց՝ 1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել։
«Կառավարության որոշմամբ՝ ավտոմեքենան պետգույքին հանձնվել է՝ վաճառելու նպատակով: Եթե լինի որևէ այլ որոշում, դա կարվի, բայց այս պահի դրությամբ՝ ուրիշ որոշում չկա: Երբ մեքենայի նախնական գինը սահմանվի, բոլոր ցանկացողները՝ այդ թվում ֆեդերացիան, կարող է մասնակցել աճուրդին և գնել այն: Կրկնում եմ՝ այս պահին այլ որոշում չկա», - նշեց Մարգարիտա Սահակյանը:

 

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան («ՀԱՖ»), հետամուտ լինելով այս խնդրի օպտիմալ լուծմանը, դեռևս 2016 թ․ դեկտեմբերի 16-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետին։ Պատասխան չստանալով՝ ՀԱՖ-ը 2017 թվականի հանվարի 11-ին նամակով դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, իսկ 2017-ի մայիսի 31-ին՝ դարձյալ վարչապետին՝ առաջարկելով մեքենան տրամադրել ՀԱՖ-ին ընդգծելով՝ Ֆեդերացիան պատրաստ է հոգալ Mercedes-ի պահպանման բոլոր ծախսերը, խնամել այն եւ առիթի դեպքում ցուցադրել միջոցառումների ժամանակ։

 


Դեռևս 2017 թվականի հունվարի 31-ին այս թեմային իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր նաև Hraparak.am-ը՝ հրապարակելով մի հոդված, որում նշվում է, որ ՀԱՖ-ը վերոնշյալ խնդրանով դիմել է և՛ վարչապետին, և՛ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը։


ՀԱՖ-ը, սակայն, մինչ օրս պատասխան չի ստացել ո՛չ վարչապետի, ո՛չ էլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում փաստեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը։

 


«Ինչպե՞ս է ստացվում, որ մոտ կես տարի չեն կարողանում գնահատել այս տրանսպորտային միջոցը՝ լինի դա զրահապատ, թե անհատական պատվերով ստացված։ Բացի այդ՝ նման տիպի ավտոմեքենաները չեն կարող լինել որևէ մեկի սեփականությունը, քանի որ դա հանրային արժեք է, թանգարանային նմուշ։ Պատմական արժեք ունեցող մեքենաները մեր հարևան նախկին սովետական երկրներում գտնվում են թանգարաններում։ Իհարկե, այդ մեքենան կարելի է հանձնել երևէ թանգարանի, օրինակ՝ Երևանի պատմության թանգարանին։ Բայց այդ թանգարանը այդ մեքենան ցուցադրելու, սպասարկելու, խնամելու, պահպանելու հնարավորություն չունի։ Իսկ մենք առաջարկում ենք, որ այդ տրանսպորտային միջոցն առանց սեփականության իրավունքի փոփոխության տրամադրվի ՀԱՖ-ին։ Այդ ավտոմեքենային սեփականության իրավունքը թող մնա Կառավարությանը։ Իսկ ֆեդերացիան տարեկան մի քանի անգամ ցուցադրությունների ժամանակ ասպարեզ կհանվի։ Բնականաբար, շատ մարդիկ կուզենան տեսնել այդ ավտոմեքենան, քանի որ այն պատմական արժեք է։ Կառավարության ունեցվածքի մեջ այդ ավտոմեքենան որքա՞ն շահույթ պետք է բերի»,- նշեց Գագիկ Աղաջանյանը։

 


Անդրադառնալով 1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցի գնահատմանը՝ Գագիկ Աղաջանյանը նշեց․ «Այդ ավտոմեքենան պատրաստված է Գերմանիայում։ Բարդ չէ հարցում անել այդ երկրին ու խնդրել տրամադրել այդ տրանսպորտային միջոցի սկզբնական արժեքը, հետո դրանից հանել ամորտիզացիայի արժեքը՝ տարեկան 10-15 տոկոսի չափով։ Մի՞թե սա դժվար բան է։ Ըստ օրենքի՝ ցանկացած տրանսպորտային միջոցի տարեկան ամորտիզացիան կազմում է մինչև 25 տոկոս, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը ձեռք է բերում տրանսպորտային միջոց, ամեն տարի դրա արժեքը նվազում է՝ առավելագույնը 25 տոկոսով։ Կամ, եթե որոշվում է, որ այդ մեքենան պետք է ի պահ տան, մի՞թե այդքան կարևոր է, թե այդ մեքենան ինչ արժե։ Ըստ իս՝ դրան պետք չէ նայել որպես նյութական արժեք․ այն պատմական արժեք է, հետևաբար մեքենայի գնահատումը արգելք չի կարող լինել։ Ես չեմ հավատում, որ դա անել հնարավոր չէ. Երևանում կա 1940 թվականին արտադրված Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որի VIN ծածկագիրը պահպանվել է։ Մենք Mercedes-Benz-ի գործարանին հարցում ենք արել՝ ցանկանալով իմանալ այդ ավտոմեքենայի պատմության մասին, այնուհետև Գերմանիայից՝ գործարանից ստացել ենք պատասխանը, որում նշվում է՝ այդ ավտոմեքենան երբ է արտադրվել և ում է վաճառվել, և որ երկիր է արտահանվել, ընդ որում, վաճառքի ամսաթիվն էլ է հստակ նշվել։ 1940 թվականին արտադրված մեքենայի մասին հնարավոր է իմանալ, իսկ այս ավտոմեքենայինը ո՞չ։ Իրենք Mercedes-Benz-ի գործարանին հարցում են արել և պատասխան չե՞ն ստացել։ Որտե՞ղ է այդ հարցումը, թող ցույց տան։ Կամ թող VIN ծածկագիրը տան, մենք կանենք այդ հարցումը։ Վստահ եմ՝ պատասխանը կստանանք, քանի որ արդեն ունեցել ենք նման նախադեպ։ Իսկ թե ինչու այդ քայլը չի արվում, դրան պիտի պատասխանեն նրանք, ովքեր պարտավոր են դա անել»։

 


ՀԱՖ նախագահը նշեց՝ դեմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀ որոշ վարչապետների սպասարկած՝ 1982 թվականին արտադրված Mercedes-ը վաճառքի հանվի ու մասնավորեցվի։ Գագիկ Աղաջանյանը նշեց՝ երկու շաբաթ առաջ ֆեդերացիան դարձյալ նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ հուսալով, որ գոնե այս անգամ պատասխան կստանան։

 

Այնուհետև մեր թղթակիցը հեռախոսակապ հաստատեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սահակյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ են ՀԱՖ-ի նամակներն անպատասխան մնում: Մեր թղթակցի հետ զրույցում Մարգարիտա Սահակյանը շեշտեց՝ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը փոստով ուղարկել է ՀԱՖ-ի նամակի պատասխանը. նամակը առաջիկայում հասցեատիրոջը կհասնի:
«Քանի որ իրենք նամակ էին գրել նաև Կառավարությանը, մեզ մոտ Կառավարությունից էլ է նամակ եկել, որին, ինչպես ասացի, արդեն պատասխանել ենք», - նշեց Մարգարիտա Սահակյանը՝ վստահեցնելով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որպես կանոն՝ ուսումնասիրում է և պատասխանում վարչությանն ուղղված բոլոր նամակներին:

 


Գագիկ Աղաջանյանը հիշեցնում է՝ 1991 թվականին Երևանի քաղաքապետարանը Լենինի արձանը ապամոնտաժելուց հետո դրա պատվանդանը հանձնել է մասնավոր ընկերությանը ի պահ՝ անժամկետ, անվարձահատույց, առանց սեփականության իրավունքի, մինչև նոր որոշման ընդունումը։

 


«Իսկ այս ավտոմեքենայի համար ինչո՞ւ է այսպիսի մեծ աժիոտաժ առաջացել։ Մենք ասում ենք մի բան, որը, ըստ իս, բխում է մեր հայրենակիցների շահերից», - նշեց Գագիկ Աղաջանյանը՝ խոստանալով, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀ որոշ վարչապետների սպասարկած՝ 1982 թվականին արտադրված Mercedes-ը ի պահ տրվի ՀԱՖ-ին, ֆեդերացիան պատրաստ է իր սեփական միջոցներով հիմնել թանգարան, որում ներկայացված կլինեն հին ու սիրված ավտոմեքենաներ։ Սրա հետ մեկտեղ՝ ֆեդերացիան կհոգա ավտոմեքենաների խնամքի, ցուցադրության ծախսերը։

 


«Մենք պատրաստ ենք ստեղծել թանգարան և ապահովել ռետրո-մեքենաների մշտական ցուցադրություն։ Մենք քաղաքի, պետության համար կստեծենք թանգարան, կպայմանավորվենք մասնավոր կոլեկցիոներների հետ, ցուցադրություններ կկազմակերպենք։ Հավատացե՛ք, ֆեդերացիան ունի դրա պոտենցիալը և համախոհների հսկայական բանակ։ Մենք ոչ ոքից փող չենք ուզում․ կրկնում եմ՝ ֆեդերացիան կհիմնի թանգարան, միայն թե, թող պետությունը այդ ավտոմեքենան ի պահ տա ֆեդերացիային. հետո դա կդառնա գեղեցիկ ավանդույթ, և, գուցե, այլ ավտոմեքենաներ էլ տրամադրվեն։ Այդպիսի թանգարաններն աշխարհում բարձր գնահատանքի են արժանանում ոչ միայն տվյալ երկրի քաղաքացիների, այլև զբոսաշրջիկների կողմից։ Սա կարող է նաև զբոսաշրջության զարգացման համար խթան հանդիսանալ», - եզրափակեց Գագիկ Աղաջանյանը։

 

Մեր թղթակիցը փոքրիկ հարցում է հատարել քաղաքացիների շրջանում՝ փորձելով հասկանալ՝ նրանք ինչ տեսակետ ունեն վերոնշյալ խնդրի վերաբերյալ: Հնչեցին տարբեր պատասխաններ, բայց քաղաքացիների մեծ մասը նշեց՝ շատ կցանկանա, որ մենենան դառնա ոչ թե ինչ-որ մեկի սեփականությանը, այլ տրամադրվի ինչ-որ թանգարանի, ընկերության, կազմակերպության, որը կխնամի մեքենան, իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան միջոցառումների ժամանակ տեսնել այդ մեքենան, չէ՞ որ այն, ի վերջո, մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոց է:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ