Սպորտ - Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը գոհ է հայ մարզիկների գրանցած արդյունքներից /տեսանյութ/

Հունիսի 18-ին Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացվեց Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը: Մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ՝ մրցաշարին ներկայացել էր 6 մարզիկով:

 

Մրցաշարի վերջնաարդյունքում մեր մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը:

 

E2- SH դասում Լյուդվիգ Երմազյանը գրավեց առաջին տեղը, Հրաչ Աբրահամյանը՝ երկրորդ տեղը:

 


«Այսօր ՀԱՖ-ում գրանցված է 15 սպորտային արտոնագիր ունեցող մարզիկ: Կան նաև հայկական սպորտային արտոնագիր ունեցող մարզիկներ, ովքեր բնակվում են ՌԴ-ում և Գերմանիայում. նրանք մրցուղի են դուրս գալիս հայկական դրոշի ներքո: Այդ 15 մարզիկները մի քանի տարի է, ինչ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի: Ըստ էության, մենք պատրաստ էինք մինչև ութ մարզիկ տանել Վրաստան: Այս տարի Ինեկոբանկի հետ պայմանագիր կնքեցինք, բանկի նախագահը՝ Ավետիս Բալոյանը ըմբռնումով մոտեցավ, մեզ աջակցեց: Ավելի քան տասը մարզիկ ստացան գումարներ՝ իրենց սպորտային ավտոմեքենաները կարգի բերելու համար: Եվ այսպես, մարզիկները հնարավորություն ունեցան այդ գումարի միջոցով իրենց ավտոմեքենաները այսպես ասած՝ ռեստարտ անել ու կարգի բերել, ինչպես նաև ձեռք բերեցին համազգեստներ: Ինչպես ասացի, մենք նախատեսել էինք, որ ութ մարզիկ պիտի մեկնի Վրաստան, բայց նրանցից միայն վեցը կարողացան մեքենաները պատրաստել՝ մրցաշարի պահանջներին համապատասխան:
Ավտոմեքենաների տեխնիկական պահանջները կանոնակարգվում է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կանոնակարգով: Հավատացե՛ք՝ մեքենան այդ պահանջներին համապատասխանեցնելը բավականին դժվար է. այդ կանոնակարգը 400 էջանոց փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են բոլոր պահանջները», - Tesaket.info-ի հետ զրույցում պատմեց ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը:

 

Վերջինս նշեց՝ մրցաշարից մեկ օր առաջ Վրաստանում մասնագիտացված հանձնաժողովը ստուգել է ավտոմեքենաների տեխնիկական վիճակը. արդյունքում պարզվել է՝ Հայաստանի կողմից ներկայացված անձնակազմի վեց մեքենաներից միայն երեքն են համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: Այս հանգամանքը, սակայն, թևաթափ չի արել ո՛չ ՀԱՖ նախագահին, ո՛չ էլ հայ մարզիկներին:

 

«Մենք մրցաշարի կազմակերպիչների հետ պայմանավորվեցինք, խոստացանք՝ մեկ գիշերվա ընթացքում կվերացնենք բոլոր թերությունները, ու մեքենաներն առավոտյան տեխնիկական բոլոր ստանդարտներին համապատասխան՝ դուրս կգան մրցուղի: Մեքենաներից մեկի՝ Honda Civic-ի կալեկտորը պետք է լիներ չուգունե, սակայն այն պողպատից էր: Մենք կարողացանք մեկ գիշերվա ընթացքում չուգունե կալեկտորը Երևանից Վրաստան տեղափոխել, մեքենայի շարժիչը քանդել ու պողպատե կալեկտորը փոխարինել չուգունե կալեկտորով: Առավոտյան վեց մեքենայից բոլորն էլ համապատասխանում էին բոլոր տեխնիկական ստանդարտներին: Պատկերացրե՛ք՝ հենց այդ մեքենայով՝ Honda Civic-ով Անդրանիկ Հարությունյանը գրավեց առաջին հորիզոնականը: Ստացվում է՝ մրցաշարին մասնակվցում էր 40 մաիզիկ, կար ընդամենը 9 մրցանակային տեղ, իսկ այդ մրցանակներից չորսը նվաճեցին հենց մեր մարզիկները այն պարագայում, երբ մենք մրցաշարին ներկայացել էինք ընդամենը վեց մարզիկով»:

 

Գագիկ Աղաջանյանը նշեց՝ ՀԱՖ-ը շատ գոհ է մրցաշարի արդյունքներից և ակնկալում է, որ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության մյուս մրցափուլերում ևս հայ մարզիկները հաջող հանդես կգան, ու, ինչո՞ւ ոչ, Հայաստանը կունենա Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթակիր:

Հիշեցնենք՝ Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկությունն անցկացվում է չորս մրցափուլով: Առաջին փուլն անցկացվել է Վրաստանում, երկրորդ փուլը կկայանա հուլիսի 9-ին՝ Հայաստանում՝ Արագածոտնի մարզում, երրորդ փուլը կանցկացվի Վրաստանում, իսկ երրորդ՝ ամփոփիչ մրցափուլը կանցկացվի Հայաստանում:

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ