Հասարակություն - Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի 3-րդ փուլը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Էկո սերունդ» բնապահպանական կրթական ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է մայրաքաղաքի 5 դպրոցների 100 աշակերտ:
Ծրագրով անցկացված 8 դասընթացների ընթացքում տեսական գիտելիքներ ստանալուց բացի, դպրոցականները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել, սովորել շրջակա միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու դրա կարևորությունը: Էկոլոգիայի վերաբերյալ դասերն անցկացրել են նախապես վերապատրաստված երիտասարդ կամավորները:
Դասընթացների ավարտից հետո դասերի ժամանակ ակտիվություն և պարտաճանաչություն դրսևորած մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ տնկարան, որտեղ պատանիները ծանոթացել են ՀՀ-ում աճող բոլոր բուսատեսակներին: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում էլ ծանոթացել «Բնության իմ անկյունը» լուսանկարների ցուցահանդեսին:
«Էկո սերունդ» ծրագրի 3-րդ փուլի ամփոփիչ հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը:
«Ծրագրի գլխավոր նպատակը դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելն է, մասնավորապես շրջակա միջավայրի և մայրաքաղաքը մաքուր պահելու կարևորության մասին: Ամփոփելով արդյունքները` վստահաբար կարող ենք փաստել, որ ծրագրի ավարտին ձևավորվում է իսկապես «Էկո սերունդ»»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:
Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են ծրագրի 3-րդ փուլի մասին պատմող տեսաֆիլմ, ապա քննարկել ծրագրի հաջորդ փուլը:
Միջոցառման ավարտին գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծրագրի մասնակից երիտասարդ կամավորներին շնորհակալագրեր են հանձնվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ