Մամուլ - «Էլեկտրիկ Երևան»-ից երկու տարի անց

Երկու տարի առաջ՝ հունիսին սկսվեց «Էլեկտրիկ Երևան» բողոքի շարժումը, որն ամենամասշտաբայիններից մեկն էր։ Բողոքի ակցիայի պատճառը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումն էր: 

 

Բողոքի այս շարժումը ակտիվացավ այն բանից հետո, երբ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց Բաղրամյան պողոտայում գիշերած երիտասարդների նկատմամբ։ Այդ օրը 237 մարդ բերման ենթարկվեց:

«Էլեկտրիկ Երևան» բողոքի շարժման մասնակից, ակտիվիստ Կարո Ղուկասյանը armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ տվեց  շարժումը հանրությանը, նշեց.

«Ես չեմ կարող ասել՝ դա հաղթանակ էր, թե պարտություն, բայց փոքրիկ հիասթափություն ունեցել եմ, որը շատ բնական երևույթ է: Երբ փորձել են վախեցնել, սպառնալիքներ հնչեցնել, դա միայն ուրախացրել է և ավելի շատ համարձակություն տվել: Դրանից հետո ավելի շատ եմ տրվել այդ շարժմանը: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մեզ մոտ փորձը քիչ էր և անփորձ մարդիկ ինձ պես շատ էին. չեմ կարող ասել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Կարո Ղուկասյանը:

 

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Ակտիվիստը, խոսելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չպատժելու մասին, ասում է.

 

«Փոքրից մինչև մեծ գիտենք, թե մենք ինչ իշխանություն ունենք: Քրեականացված, օլիգարխիկ համակարգում, որտեղ օրենքները չեն աշխատում կամ աշխատում են ի շահ իշխանությունների, շատ քիչ դեպքեր են եղել, երբ ոստիկանները պատժվել են: Շատ-շատ կոչումը իջեցնեն կամ համակարգից հեռացնեն: Ես չեմ զարմանում»,-ասում է «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցը:

 

 

Նյութը՝ armtimes.com-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ