Տնտեսություն - Կարևորվել են պալիատիվ բժշկության կայացմանն ուղղված քայլերը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Քրիստոնյա բժիշկների ասոցիացիայի (ACMA) նախագահ, հայազգի վիրաբույժ Ջանի Հադդադին, ով գրեթե 40 անգամ հայրենիք է այցելել անվճար, բարեգործական ծրագրով վիրահատություններ կատարելու առաքելությամբ, ACMA համահիմնադիր Նարինե Մուրադյանին, Միջազգային բժշկական կրթության գործընկերության (PRIME) ներկայացուցիչներ Թիմ Պաթընին, Դեյվիդ Բաթլերին, Էնթընի Քեմփին, Կեյթ Գերիշին:

 

Ողջույնի խոսքեր փոխանակելուց հետո հյուրերը ներկայացրել են այցի նպատակը և համագործակցության ուղղությունները, որոնք առաջնահերթ են և համահունչ նոր մարտահրավերներին: Մասնավորապես, առաջարկվել է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել արտակարգ իրավիճակների բժշկության, ընտանեկան բժշկության, պալիատիվ բժշկության և բուժքույրական գործի ոլորտների մասնագետների կատարելագործման համար:

 

Սերգեյ Խաչատրյանը հատկապես կարևորել է պալիատիվ բժշկության կայացմանն ուղղված նախաձեռնությունը: Նա նշել է, որ տարեսկզբին կառավարության հավանությանն է արժանացել պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և 2017-2019 թվականների միջոցառումների ծրագիրը, որը պետք է կյանքի կոչվի նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, փորձի փոխանակմամբ:

 

Փոխնախարարն առանձնացրել է նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված քայլերը, հաշվի առնելով, որ մահացության կառուցվածքում ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից և շաքարային դիաբետից: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընթացիկ աշխատանքներին` ուղեցույցների տեղայնացում, մասնագետների շարունակական կրթություն` կրեդիտավորում, վարակիչ հիվանդությունների կանխարգելում և այլ:

 

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրել և շարունակել համատեղ աշխատանքը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ