Մամուլ - Եթե վարչապետն այսպես շարունակի, ինձ նման բարեկամից կստանա լավագույն թշնամի. արձակագիր. armtimes.com

Հայտնի արձակագիր Լեւոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի:

 

Ջավախյանին օրեր առաջ հանդիպեցինք Վերնիսաժում: Նա այստեղ աշխատում է: Արծաթ է վաճառում: Ինչպես մի առիթով ասել է` Հուդան 30 արծաթով հոգին ծախեց, ինքը այդ արծաթն է ծախում` հոգին պահպանելու համար:

 

- Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:

 

Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաեւ եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում, բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:

 

Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել եւ իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, եւ եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետեւ հայերենը վտանգված է առավել քան երբեւէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա եւ այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի:

 

Երբ ասում են` նրա իրավունքներն ու պարտականությունները տրոհում են տարբեր կազմակերպությունների միջեւ, ապա փաստորեն փոշիացնում են լեզվի պահպանման միջոցները: Իսկ որտեղ փոշիացումն է, այնտեղ էլ վերացումն է: Դա հոգեւոր պահպանության հարց է: Առանց հոգու մարդը անասուն է: Մարդու հոգին դրսեւորվում է լեզվի միջոցով: Լեզվի տեսչությունը լուծարելը մեծ վնասներ կբերի հայ ազգին: Դա շատ կարեւոր բան է: Թեթեւամիտ մտածողությունն այստեղ անթույլատրելի է: Մարդը բերանը բացում է, խելքը երեւում է: Այսօր մեր կառավարությունը բերանը բացել է« եւ ես տեսնում եմ նրա խելքի վատ դրսեւորումերը, չարագույժ նպատակները:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ