Մամուլ - Ի՞նչը կփրկեր 13-ամյա երեխայի կյանքը. armtimes.com

Երեկ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից անզգուշության հետեւանքով ընկած եւ տեղում մահացած 13-ամյա տղայի դեպքը ողբերգական է, եւ մի շարք հարցեր է առաջ բերում:

 

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հարց է առաջանում`որտե՞ղ է եղել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգը: Եթե երեխաները խաղացել են տվյալ վայրում, ապա դժվար թե, այդ ընթացքը մի ակնթարթ է եղել: Երեխաները նախ պետք է գային կամրջի մոտ, ապա անցնեին արգելապատնեշը, եւ հաջորդաբար կատարեին իրենց անելիքները:

 

2015 թվականին ՀՀ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի երեք ամենաբարձր կամուրջների տարածքում՝ Դավիթաշենի, Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջների, ծառայություն են իրականացնում հերթափոխով: Նման որոշման գնացին այն բանի համար, որ կանխեն կամուրջներից ինքնասպանության փորձերը, սակայն երեկվա դեպքը խոսում է այն մասին, որ պատշաճ ծառայություն չի իրականացվել:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից չցանկացան պատասխանել մեր այն հարցին, թե տվյալ պահին ոստիկանության վերակարգը եղե՞լ է դեպքի վայրում, թե՞ ոչ: «Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, դիմեք քննչական կոմիտեին»,- փոխանցեցին լրատվականից՝ հորդորելով բոլոր հարցերն ուղղել ՔԿ: Քննչական կոմիտեից էլ մեր զանգերին չպատասխանեցին:

 

Բազմաթիվ երկրներ ինքնասպանության դեպքերը եւ նման դժբախտ պատահարները կանխարգելելու համար վաղուց որոշակի լուծում են գտել եւ կիրառել: Օրինակ՝ Կանադայի Տորոնտո քաղաքի կամուրջների մեծ մասը ցանցապատված են: Այսինքն՝ կամրջի եզրերին լրացուցիչ պատնեշներ են կառուցվել, որոնք ցանցապատված են, եւ եթե քաղաքացին փորձի նետվել կամրջից, կամ երեխաները փորձեն կամրջի եզրով քայլել, կամ այլ անզգույշ խաղեր խաղալ, ապա չեն կարողանալու, քանի որ իր հասակից մի քանի անգամ բարձր ցանցի կբախվեն:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ