Մամուլ - Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կլինի նոյեմբերին. armtimes.com

Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը:

 

«Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկը, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչեւ 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին:

 

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձեւավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձեւավորվում է ընտրության օրվանից 40 օր առաջ: «Նշանակելու պահին պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, որ հնարավոր է այդ ժամկետները պահպանվեն, թե` ոչ: Օրինակի համար ընտրությունը պետք է նշանակվի արտահերթ, բայց ենթադրենք մոտակա օրվան մնում է շատ ավելի քիչ ժամանակահատված, քան գործընթացների համար նախատեսված ժամկետներն են: Ընտրության օրը կլինի արդեն իսկ սահմանված մյուս օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս: Ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքում` մինչեւ ընտրութունը տեղի կունենա:

 

Հարցին՝ մե՞ծ է Արտաշատում ընտրության օրը հետաձգելու հավանականությունը. Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անունը չդնենք հետաձգել, որովհետեւ լինելու է այդ օրերից մեկը: Հունիսի 18-ին հանրապետության 10 համայնքում նման ընտրություններ են անցկացվելու, գործընթացն արդեն մեկնարկել է: Կան ժամկետներ, որոնցով պայմանավորված գործառույթների ավարտն արդեն սպառված է»: Ճշտող հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ենթադրում եմ»:

 

Մայիսի 16-ին Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը հրաժարական տվեց, քանի որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր Ազգային Ժողովի պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով:

Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո Արտաշատի քաղաքի ղեկավարի պարտականությունը կատարում է վերջինիս ազգականը՝ Գագիկ Պողոսյանը, որը փոխքաղաքապետն էր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը հենց Գագիկ Պողոսյանին թեկնածության հարցն է քննարկում Արտաշատի քաղաքապետի ընտրությա մասնակցելու համար:

 

Արարատի մարզկենտրոնը Հանրապետական կուսակցությանը վերադարձնելու նպատակներ ունեն նաեւ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանները: Քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ