Պաշտոնական - Տարոն Մարգարյանի ուղերձը

Առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաև կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը:

 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հետընտրական իր ուղերձում։

 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Երևանի հարգարժա՛ն բնակիչներ,

Երևանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար:

 

Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երևանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է և թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել և, Հանու՛ն Երևանի ու երևանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ:

 

Շնորհակալ եմ նաև ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին:

 

Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռևս առկա խնդիրները՝ Երևանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ և ավելի լավը:

 

Վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաև կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Իմ շատ սիրելի երևանցինե՛ր,

 

Երևանը բոլորիս մայրաքաղաքն է ու, վստահաբար, համատեղ ջանքերով ենք լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս առկա են: Մեր սիրելի քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները ևս լինելու են բոլորինս, քանի որ, իմ խորին համոզմամբ, Երևանը սիրողների համար չկա իմը և քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս՝ վերահաստատելով, որ Երևանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երևանի վաղվա օրը:

Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ Հանուն Երևանի»:      

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ