Տնտեսություն - «Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերում». 168.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե 8 ամսվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է արել, ասաց, որ հրապարակավ պարբերաբար տեղեկացրել է դրանց մասին։

 

«Ձեզ բազմաթիվ հաղորդագրություններ ենք ուղարկել, հաշվետվություններ ենք ներկայացրել, օրինակ՝ տնտեսական աճի ցուցանիշներ և այլն։ Դրա համար ես ատնվազն մի կես ժամ ցուցանիշներ պետք է ներկայացնեմ»։

Դիտարկմանը՝ եթե աճ է լինում, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, նա այսպես արձագանքեց. «Ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ»։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում կառավարության իրականացրած փոփոխությունները, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև կրկտիկական կետի պետք է հասնի այդ աճը, որպեսզի որակական փոփոխություն լինի»։

 

Վարչապետի թիկնապահներն անընդհատ հրմշտում էին լրագրողներին, և ի պատասխան լրագրողների բողոքին՝ վարչապետի անվտանգությա՞նն ենք սպառնում, որ մեզ հետ այսպես են վարվում, վարչապետն այսպես արձագանքեց. «Ո՛չ, ուղղակի պրոցեդուրայով մենք ուրիշ տեղ պետք է գնանք, և ձեզ հետ բազմաթիվ առիթներ ենք ունենում հանդիպելու։ Յուրաքանչյուր դուրս գալուց հնարավո՞ր է այսպիսի բան անել»։

 

Լրագրողները համառեցին. «5 րոպե կտրամադրե՞ք մեզ»։ Դրական պատասխան ստանալուց հետո լրագրողները շարունակեցին իրենց հարցադրումները։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երակարաձգմանն ուղղված նախագահի քայլերի մասին հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ նման քայլեր այս պահին չի տեսնում նախագահի կողմից։

Իսկ հարցին՝ ասում են՝ Դաշնակցության հետ կոալիցիա կազմելուն վարչապետը դեմ է եղել, այդպե՞ս է, նա պատասխանեց՝ ո՛չ։ Նա նաև նշեց, որ նախարարներից որևէ մեկի հետ որևէ խնդիր կամ հակասություններ չունի։

 

Ադրբեջանից ներկրված խնձորիվերաբերյալ էլ նա նշեց, որ տեղյակ է՝ քրեական գործ է հարուցվել. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 300 կգ խնձորով ես զբաղվեմ»։

 

Դրանից հետո նորից շարունակվեց վարչապետի թիկնապահների կողմից լրագրողների հրմշտոցը։ Լրագրողները նկատեցին՝ ոչ մի վարչապետ այսպես չի շփվել լրագրողների հետ, նա ինչո՞ւ է այսպես վարվում։

 

«Որովհետև սա մամուլի հետ հանդիպելու առիթ չէ»,- պարզաբանեց նա։ Լրագրողներն էլ նկատեցին՝ ամեն առիթին նույնն է ասում։ Ինչ վերաբերում է առաջիկայում ասուլիս հրավիրելուն, նա ասաց, որ դեռ ասելիք չունեն։

 

Անդրադառնալով Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի կողմից կազմակերպված հայտնի ժողովին, որի ձայնագրությունը հրապարակվել էր, վարչապետը նշեց. «Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերում, եթե դա ճիշտ չէ, իրավապահ մարմինները կհայտարարեն»:

 

Ինչ վերաբերում է հայտարարված ներդրումներին, որոնք դեռ չեն արվել, նա ասաց, որ երբ ներդրումներն արվեն, կհաղորդեն այդ մասին. «Բայց ներդրումների հետ կապված որևէ խոչընդոտ չկա, ամեն ինչ իր հունով ընթանում է»։

 

Թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն բոլոր ընտրություններին հաղթում, նա խորհուրդ տվեց ընտրողներից հարցնել։ Լրագրողը նկատեց՝ ընտրողը չի կեղծում, այլ ՀՀԿ-ն։ «Դուք ինչո՞ւ եք վստահ, որ ձեր կարծիքը կատեգորիկ պետք է լինի»։

 

Հարցին՝ ուսուցիչների ձայնագրություններն ապացույց չե՞ն, նա պատասխանեց. «Ուսուցիչների ձայնագրությունները հետաքննվում են, դուք վիճակագրությունը նայեք»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ