Հասարակություն - Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան վերաբացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների ղեկավարներ: Հիմնանորոգված ծննդատան հանդիսավոր վերաբացման պատիվը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանին:

 

Հարկ է նշել, որ 1958 թվականից գործող ծննդատունը, որը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունն է, երբևէ չէր հիմնանորոգվել ու վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն: Նախորդ տարի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձանարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում այն ավարտել ու ապահովել բնակիչների պատշաճ սպասարկումը:

 

Ծննդատան հանդիսավոր վերաբացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը շրջել է բուժհաստատության հարկաբաժիններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով ծննդատանը ստեղծված պայմաններին, զրուցել է բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` տնօրենը նշել է, որ ծննդատունն արդեն ապահովված է ժամանակակից բուժսարքավորումներով ու նոր գույքով, իսկ հիմնանորոգման ծրագրի շրջանակում էլ հնարավորություն է ընձեռվել ընդլայնել ծննդատանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալն ու ստեղծել լրացուցիչ կաբինետներ: Կարեն Կուտոյանը նաև վստահեցրել է, որ հիմնանորոգման արդյունքում ծննդատունը դարձել է մայրաքաղաքի ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոններից մեկը: Շնորհավորելով ծննդատան բուժանձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունական:

 

«Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ծննդատանը՝ ինչպես հիմնանորոգման, այնպես էլ ամբողջությամբ նոր սարքավորումներով համալրման ու գույքի թարմացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում: Մենք հստակ քայլեր ենք ձեռնարկելու համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների հիմնանորոգման, ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման, նոր գույքով ապահովելու, ինչպես նաև մեր բուժաշխատողների վերապատրաստման ուղղությամբ: Եվ համոզված եմ, մի քանի տարվա ընթացքում մենք այլևս չվերանորոգված պոլիկլինիկաներ չենք ունենա Երևանում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ծրագիրը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության և հետևողականության համար, ծննդատան աշխատակիցներն էլ վստահեցրել են, որ տասնամյակներ սպասված ծրագրի իրականացման արդյունքում ծննդատանն արդեն ապահովված աշխատանքային և մասնագիտական լիարժեք պայմաններում, ներդնելով նաև մասնագիտական իրենց հմտությունները, քաղաքացիներին կմատուցեն պատշաճ և որակյալ ծառայություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ