Մամուլ - Պերմակովին ՌԴ տեղափոխումը կարգավորվում է միջպետական հարաբերություններով, և որևէ խնդիր չի լինի

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր հայտարարել է, որ նախարարությունը քննարկում է ՌԴ քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը։

 

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ առկա է հետևյալ խնդիրը.

 

«2015թ., երբ այդ հանցագործությունը տեղի էր ունեցել, հայ հանրությունն անվստահություն ուներ ռուսական իրավապահ մարմինների նկատմամբ և պահանջում էր, որ գործը Հայաստանում քննվի։ Այն ժամանակ ինձ համար խնդիրը ոչ թե այն էր, որ մեր իրավապահ մարմիններն ավելի արդար քննություն կկատարեին, գուցեև՝ հակառակը։ Խնդիրը սուվերենության հարցն էր. հանցագործությունը կատարվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում, և պետք է քննեին մեր քննիչները, նույնիսկ, եթե ավելի անորակ քննություն լիներ կամ ավելի կողմնորոշված։ Այսինքն՝ իմ դիրքորոշումն այն ժամանակ սա էր, որովհետև կրկնեմ՝ ես չեմ կարծում, որ մեր իրավապահ մարմինները, մանավանդ՝ Ռուսաստանի քաղաքացուն, ավելի արդար կդատեին, քան ռուսական կողմը։

 

Ավելին՝ պահման դեպքում էլ հարցը սուվերենությունն էր. պահումը պետք է լիներ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։ Ինչ վերաբերում է արդեն տեղափոխմանը, սա կրկին կարող է Հայաստանում հասարակական շրջանակների քննարկման առարկա դառնալ, զայրույթ առաջացնել, բայց դա արդեն կարգավորվում է միջպետական հարաբերություններով, և որևէ խնդիր չի լինի։ Այլ խնդիր է, որ հասարակությունը գուցե կասկածներ ունենա, որ Ռուսաստան տեղափոխումից հետո նա կարող 1 ազատվել պատժից ներման կամ այլ ձևով, ինչպես, ենթադրենք՝ Ռամիլ Սաֆարովն էր։ Ես չեմ ուզում համեմատություններ անել, բայց համենայն դեպս… Այս կասկածները կարող են լինել, և դրա դեմ որևէ բան չես կարող անել»։

 

Միևնույն ժամանակ, Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ներկայումս ՌԴ-ում պատիժ կրող Հրաչյա Հարությունյանի տեղափոխումը Հայաստան կապված է այս հարցի հետ։ «Դե յուրե դա փոխանակում չի համարվի։ Կհամարվի, որ կան միջպետական պայմանագրեր, և տեղափոխում է կատարվում, բայց իրականում ներքին համաձայնությամբ, որպեսզի Հայաստանում մեծ աղմուկ չբարձրանա Պերմյակովի տեղափոխման հետ կապված, կասեն, որ Ռուսաստանն էլ Հրաչյա Հարութունյանին տեղափոխեց։ Ես կարծում եմ, որ այդպիսի գործարք է տեղի ունեցել։ Բայց հասարակության հիմնական մտահոգությունն այն է՝ արդյո՞ք նա կկրի պատիժը Ռուսաստանում, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ Հայաստանում պետք է անընդհատ հետևեն դրան՝ պատիժը կրում է քրակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ ոչ։ Ընդամենն այդքանը։ Անհանգստանալու այլ հարց չկա»։

 

 

Նյութը՝ 168 ժամ-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ