Մշակույթ - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները:

 

Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման ծրագիրը, նշվել է, որ այն նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախ ներկայացվել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, այնուհետ նաև Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Պատասխանատուները նաև ընդգծել են, որ նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ և որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:

 

Ներկայացնելով նախագծերի կյանքի կոչման վերաբերյալ իր դիտարկումներն ու առանձնակի կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն կտա Էրեբունի-Երևանի հիմնադրման պատմությունը լիարժեք ներկայացնելու, թանգարանի պայմաններն առավել հարմարավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան դարձնելու, ինչպես նաև թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը նպաստելու համար: Ըստ այդմ քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել պատասխանատուների առջև՝ ծրագիրը հնարավորին կարճ ժամկետներում նախագծային փուլից տեղափոխել գործնական փուլ և այն ավարտել սահմանված ժամկետներում:

 

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ նախագծերը նույնպես լայնորեն ներկայացնել հանրությանը:

 

«Ինչպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքները, այնպես էլ Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի ու Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առաջարկների իրագործումն անչափ կարևոր է Երևան քաղաքի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին», - նշել է քաղաքապետը:

 

«Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան կատալոգի շնորհանդեսը: Եռալեզու կատալոգ-ալբոմը պարունակում է տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր Բլուր, Երևանի բիայնական դամբարան, Նորատուս հնավայրերի պարբերական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերի նկարագրություններ: Նշվել է, որ կատալոգում ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի Ք.ա. I հազարամյակի մշակույթին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ