Մամուլ - «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը. 168.am

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վաղը ժամը 10-ին Սահմանադրական դատարան կներկայացնի հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ 

 

Այս մասին հայտնեց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

 

Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՍԴ-ից, Ա.Մանուկյանը նշեց, որ իրենք Սահմանադրական դատարանի վճռի համար չեն հայց ներկայացնում. «Ամբողջ աշխարհը պետք է իմանա՝ ինչ է կատարվել։ Գիտենք՝ Սահմանադրական դատարանը կցորդն է իշխանության, բայց մենք արդարության համար դադարե՞նք պայքարել»։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, նշված էր. «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.

 

– Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։

 

– Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:

 

– Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները և անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ Ոստիկանության անգործությունը:

 

– Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ՝ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում՝ գունավոր գրիչների, գունավոր և համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:

 

– Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչընդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:

 

– Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։

 

– Բռնության և ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ:

 

Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը, և ընտրական գործընթացի լայնածավալ և կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,

 

Նպատակ ունենալով հնարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ ներկայացնելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանադրական դատարան՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով»:

 

Իսկ ապրիլ 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Կոնգրես­-ՀԺԿ» դաշինքի դիմումն ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ դիմումին կից ներկայացված չէ որևէ պատշաճ ապացույց, այն զուրկ է իրավական հիմնավորումներից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ