Տնտեսություն - Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Ղրղզստանի կառավարության պատվիրակության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դեսպան Սանջար Ումետալիովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և մի շարք ոլորտներում փորձի փոխանակման շուրջ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

 

Ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանը մասնավորապես ներկայացրել է նոր տեխնոլոգիաների կիրառման, «Անվտանգ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերի, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխությունների մասով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացված և 2017 թվականին նախատեսված ծրագրերը:

 

«Մասնավորապես, 2014 թվականից «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով շուրջ 1000 լուսատու փոխարինվել է էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով, ինչի արդյունքում ապահովվել է ավելի քան 67% էներգախնայողություն: Հենց այդ խնայողությունների շնորհիվ ծրագիրն ամեն տարի ընդլայնվում է: Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում էլ մայրաքաղաքում ջերմաարդիականացվել է մի ամբողջ շենք: Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշակում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագիր» , - նշել է Կամո Արեյանը:

 

Ղրղզստանի կառավարության պատվիրակության ղեկավար Սանջար Ումետալիովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և քաղաքային ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվության համար, նկատել է, որ քաղաքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված Երևանի փորձն օրինակելի է և կարող է կիրառելի դառնալ նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները և զարգացնել երկուստեք համագործակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ