Մշակույթ - Օպերային երգչուհի. «Հարգե՛ք օպերայի շենքը, այնտեղ չպետք է լինի մարզասրահ, ռեստորան ու շոգեբաղնիք»

Aravot.am-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մարինե Դեինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերային թատրոնի շենքում ռեստորան, շոգեբաղնիք, մարզասրահ ունենալու մտահղացման վերաբերյալ:

 

«Ես չեմ կարծում, որ մեր օպերայում պետք է շոգեբաղնիք լինի, ինչի՞ համար է դա…չէ՞ որ այդ շենքն արվեստի կոթող է կոնկրետ ինձ համար: Մարզասրահի մասին էլ նշեմ, որ եթե ուզում են` մեր երգիչները մարզված եւ լավ տեսք ունենան, թող ներսում ինչ-որ բան կառուցելու փոխարեն՝ անվճար աբոնեմենտներ տրամադրեն, մի բան, որ Առաջին տիկինը մեզ` որոշ սոլիստների համար արել է: Թող դա թատրոնի կողմից արվի կամ էլ աշխատավարձը այնքան բարձրացնեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել նման ծառայություններից` մարզասրահ, ռեստորան եւ այլն:

 

Ինչ վերաբերում է ռեստորանին, օրինակ, եղբայրս Վայմարում էր աշխատում, հիմա էլ ուրիշ թատրոնում, այնտեղ ընդունված կարգ է` միջանցքում կա սնվելու կետ, որը ներքին անձնակազմի համար է եւ ոչ թե դրսի հյուրերի համար: Իհարկե, օպերա էլ կա տեղը անհաջող` նկուղային հարկում է, չի օդափոխվում, ծուխ է, մինչդեռ թատրոնի անձնակազմը կարիք ունի ընդմիջումների: Ի դեպ, առաջվա մեր բուֆետն ավելի լավ տեղում էր, քան հիմա է: Իսկապես բուֆետ ունենալն անհրաժեշտ է, բայց բուֆետ, եւ ոչ թե ռեստորան: Ինչ վերաբերում է շամպայն ասվածին, դա ընդունված է Եվրոպայում եւ արվում է միջանցքներում, ինչը լավ բան է, եւ եթե կայացած ձեւաչափ է, ինչո՞ւ չընդօրինակել:

 

Ընդմիջումներին մարդիկ կարող են մեկ-երկու կում շամպայն խմել ու հաճելի զրուցել, բայց ոչ ռեստորան` օպերայի շենքում: Եթե խոսքը գնում է «Օպերա» ակումբի մասին, ռեստորան է էլի, դռները բացեք, միջանցքով ով ուզում է գնա: Ասածս այն է, որ դա լուծում չէ, ռեստորան ու շոգեբաղնիք չպետք է լինի օպերայի շենքում, միայն նրա համար, որ այդ շենքը կառուցված է եղել եկեղեցու հիմքի վրա, թեկուզ գոնե այդ հանգամանքը պետք է հարգվի, օպերան մշակութային կոթող է, արվեստի տաճար, այնտեղ չեն կարող աշխարհիկ բաներ լինել»:

 

Օպերային երգչուհին նաեւ փաստեց, որ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում օպերային թատրոնների բեմից օպերային ներկայացումներից եւ դասական երաժշտությունից բացի, այլ բան չի հնչում: Նաեւ հավելեց. «Այո, ասում են` ժամանակին շոգեբաղնիք եղել է օպերային թատրոնում, բայց մենք չենք էլ իմացել, որ նման բան կար: Ճիշտ է` հիմա տեղում դասարաններ են սարքել, բայց փոխարենը սոլիստը ոչ մի սենյակ չունի, որ հանգստանա: Շատ կարեւոր է, որ օպերան ծառայի իր նպատակին, չդառնա «Շավոյի դվորը»:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/07/875843/

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ