Պաշտոնական - «Ընտրությունների թափանցիկությամբ Հայաստանը գերազանցեց նույնիսկ մի շարք արևմտյան երկրների». ԱՊՀ դիտորդական առաքելություն

«ԱՊՀ-ում պետք է ուսումնասիրվի Հայաստանի փորձը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ ներկայացնելով դիտորդական առաքելության գնահատականը նախօրեին անցկացված ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

 

Լեբեդևը նշեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը, բաղկացած ԱՊՀ ութ երկրների ներկայացուցիչներից, Հայաստան է ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով մարտի 14-ից և ունեցել է հնարավորություն, ժամանակ՝ հետևելու ողջ գործընթացին։

 

«Մինչ դա՝ մեր փորձագետներն առցանց, ԶԼՄ-ների միջոցով հետևել են նախապատրաստական գործընթացին, ծանոթացել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին։ Ցանկանում ենք նշել, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում նորամուծություններ կային, և դրանք գործարկվեցին առաջին անգամ ԱՊՀ տարածքում, այդ նորությունները որևէ երկրում չէին եղել, ուստի, ոչ միայն մենք, այլև շատ դիտորդներ հետաքրքրությամբ սպասում էին, թե այդ նորություններն ինչպես իրենց կդրսևորեն այս գործընթացում։ 172 դիտորդներից էր բաղկացած մեր առաքելությունը՝ խորհրդարանականներ, դիվանագետներ, ԿԸՀ անդամներ, փորձագետներ, որոնք դիտորդություն են իրականացրել ՀՀ բոլոր ընտրատարածքներում և մարզերում։ Ցանկանում եմ ասել, որ ԿԸՀ-ն, պատասխանատու իշխանական բոլոր օրգանները մեզ աջակցել են, շնորհակալ ենք նրանց դրա համար, մեզ տրվել են բոլոր հնարավորությունները, բաց են եղել բոլոր «դռները»»,- ասաց Լեբեդևը։

 

Նրա խոսքով՝ այդ նորամուծությունները, իհարկե, քվեարկության գործընթացը և ինքնին ընտրություններն ավելի բաց ու թափանցիկ դարձրին։

 

«Մեզ թվում է, որ խարդախությունների, ընտրախախտումների բացառման նպատակը հաղթահարվել է։ Այդ տեխնիկական նորամուծությունները փոքր-ինչ բարդացրել էին ծեր տարիքի քվեարկողների քվեարկությունը, որոնց ոչ միշտ էր հաջողվում մեկ փորձից գրանցվել, բայց ԿԸՀ-ն և ընտրությունների համար պատասխանատու բոլոր կառույցները նախապես իրականացրել էին անհրաժեշտ իրազեկման աշխատանքները և՛ հանձնաժողովի անդամների, և՛ ընտրողների հետ։ Ուստի այդ ամենը թույլ տվեց, որպեսզի տեխնիկական դժվարությունները մինիմալի հասցվեն։ Դրանք կային, ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին կուտակումների, բայց ամբոխայնությունից հաջողվեց խուսափել։

 

Ընտրություններն անցան խաղաղ, հանգիստ, կազմակերպված մթնոլորտում, և նորամուծությունները ՀՀ ԸՕ-ում նպաստեցին ընտրությունների որակի բարելավմանը։ Ընտրությունների բացության և թափանցիկության տեսանկյունից մեր հայաստանյան գործընկերները գերազանցեցին նույնիսկ մի շարք արևմտյան երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես պետք է ընտրություններն անցկացվեն։ Այդ փորձն ԱՊՀ տարածքում կուսումնասիրվի, և ես չեմ բացառում, որ փորձը դառնա նախադեպ»,- ասաց բանախոսը։

 

Սերգեյ Լեբեդևը նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս առաջնորդվում են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ իրականացնում են դիտորդությունը։ Բնականաբար, ըստ նրա՝ ՀՀ-ում առաջնորդվել են ՀՀ օրենսդրությամբ։ Լեբեդևն ընդգծեց, որ քաղաքական գնահատականներ չեն տալիս, իրենց համար կարևոր էր հետևել ընտրական գործընթացին, թե որքանով էր այն բաց, ժողովրդավարական, որքանով էր այն ապահովում քաղաքացիների կամարտահայտությունը։

 

«Ուստի ուզում ենք ասել, որ մեծապես՝ և՛ ՀՀ ԸՕ-ն, և՛ ընտրությունների կազմակերպումը թույլ են տալիս գալ հետևյալ եզրակացության, որ ՀՀ քաղաքացիների կամարտահայտության իրավունքն ապահովվել է ընտրությունների ընթացքում»,- նշեց դիտորդական առաքելության ղեկավարը։ Նա տեղեկացրեց, որ հնարավորությունները հավասար են եղել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների և բլոկների համար։ Նշենք, որ դիտորդական առաքելության 15 էջանոց եզրակացությունը հասանելի կլինի առաքելության պաշտոնական կայքէջում առաջիկայում, որտեղ կան ինչպես՝ գնահատականներ, այնպես էլ՝ առաջարկություններ նորամուծությունների հարուցած դժվարությունները հեշտացնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

 

Նյութը ՝ 168 ժամ-ի

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ