Մամուլ - «Մեր մրցակիցների ծրագրերն անիրատեսական են». Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու տնտեսական զարգացումներն ու հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները, սակայն այն ավելի շատ ծառայեց նախընտրական շրջանում ընդդիմախոսներին ուղղված պատասխանների համար, թեև Արամյանը նշեց, որ չի ուզում այս հարթակը քարոզչության նպատակներով օգտագործել։

 

Վ.Արամյանը նախ՝ լրագրողներին լավ լուր ավետեց՝ այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեով նախատեսվածից շուրջ 15 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքագրվել, նույն միտումը կա նաև այս տարի։

«Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել։ Սա լավ լուրն էր»,- ասաց նա։

Նախարարը նշեց նաև մեկ այլ լավ լուր՝ արտաքին պարտքի տոկոսային վճարների բեռը ՀՀ բյուջեում 14 %-ից իջել է 9.6 %-ի: 2016թ., Արամյանի խոսքով, իրական ՀՆԱ աճը կազմել է 0.8%, իսկ այս տարվա երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը 6%-ից ավելի է եղել, ինչը շատ հուսադրող է։ Ըստ նախարարի՝ մարդկանց մոտ սպասումներն ավելի դրական են, ինչի մասին է վկայում սպառման ծավալների ավելացումը։

 

Այնուհետև Արամյանն անցավ «հարձակման»։ Նա նշեց, որ իրենց մրցակիցներն ասում են, թե իրենք շատ ավելի լավ կկառավարեին, բայց նրանց խոստումները՝ գյուղատնտեսության ոլորտում, ԱԱՀ-ի գծով, ՓՄՁ-ի, ուղղակի իրատեսական չեն։ Նա հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք իրենց թիմը չունի՞ ռացիոնալ վարքագիծ և մտածելակերպ, որ ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ՝ ավելի շատ քվե ստանալու համար։

«Եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, մնացածն էլ պետք է ճշգրտվեն։ 2017 թ.-ին բյուջեից 446 մլրդ դրամ մենք այսօր միայն աշխատավարձ ենք տալիս։ Եթե 60% բարձրացնենք, ապա ավելի քան 350 մլրդ դրամի ճշգրտում` բարձրացում պետք է անենք»,- ասաց Արամյանը՝ նույն բարձրացումը հաշվարկելով նաև կենսաթոշակների համար, որտեղ Ղազախստանի, Ռուսաստանի կամ Վրաստանի համեմատ՝ մենք չեմպիոններ ենք։

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ