Սպորտ - Մարզաձևերի մասսայականացման նպատակով կազմակերպված քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը

Սուսերամարտ, վոլեյբոլ և սեղանի թենիս մարզաձևերի մասսայականացմանը նպաստելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կազմակերպված քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
 
Գ. Ղազարյանը հրավիրված ֆեդերացիաների ներկայացուցիչներին հորդորել է իրենց ֆեդերացիաների աշխատանքը կազմակերպելիս մի փոքր հեռանալ Երևանից և հնարավորինս ակտիվ աշխատել մարզերում: «Հասկանալի է սուսերամարտի առանձնահատկությունը՝ այն, որ դրանով մարզվելն առանց մարզագույքի հնարավոր չէ, սակայն սեղանի թենիսը և վոլեյբոլը ավանդաբար ամենամասսայական մարզաձևերն են: Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները դրանք ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: 
 
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ սուսերամարտի զարգացմանը մեծապես նպաստում է մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացումը: «Մենք դրա փորձն ունենք, արդեն 5-րդ անգամ Երևանում անցկացվում է միջազգային մրցաշար: Նախատեսում ենք Երևանում կազմակերպել նաև Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Ա. Գրիգորյանը: 
 
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը ցավով նշել է, որ այս մարզաձևը հետզհետե կորցնում է երբեմնի իր մեծ մասսայականությունը, ինչը նա հիմնավորել է մարզագույքի պակասով: 
 
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները խոսել են կազմակերպվող մրցաշարերի, առաջնությունների և վերապատրաստման սեմինարների մասին: Լսելով նրանց՝ նախարարի տեղակալը նշել է, որ վոլեյբոլն այն խաղային մարզաձևն է, որը հասանելի է գրեթե բոլոր տարիքային խմբերին՝ անկախ նրանց մարզական վիճակից: «Հիշե՛ք, մենք այսօր խոսում ենք ոչ թե մեծ սպորտի, այս մասսայական սպորտի զարգացման մասին: Մասսայական սպորտի զարգացմանը մենք կարող ենք հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասել է Գ. Ղազարյանը: 
 
Հանդիպման վերջում նախարարի տեղակալը խնդրել է ներկաներին, իրենց մարզաձևերի մասսայականացմանը նպաստող աշխատանքների վերաբերյալ երկշաբաթյա ժամկետում նախարարության համապատասխան վարչություն ներկայացնել առաջարկություների փաթեթ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ