Մամուլ - Ե՛վ Ադրբեջանը, և՛ Բելառուսը «բազարների» մեջ են մտնելու Ռուսաստանի, միգուցե կուլիսներում՝ նաև Իսրայելի հետ

«Եթե  հիշում եք, երբ Բաքվում Լուկաշենկոյին Ալիևը պարգևատրեց մեդալով, հնչեց հետևյալ արտահայտությունը՝ «я это отработаю», երևի «человек отрабатывает»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինին Բաքվին հանձնելու մասին։

Կ. Քոչարյանի խոսքով՝  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի է իր «բազար» անելու հատկություններով, հատկապես՝ Ռուսաստանի հետ. «Ստացվել է այնպես, որ այդ «բազարների» արդյունքում նա շահել է: Սա հերթական «բազարը» կարող է լինել, որով Լուկաշենկոն փորձելու է հերթական անգամ ինչ-որ բան պոկել»,- ասաց նա:

Կ. Քոչարյանը չի կարծում, որ Լապշինի հետ Ադրբեջանում շատ վատ  կվարվեն, քանի որ վերջինս ունի երկքաղաքացիություն՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Բելառուսը «բազարների» մեջ են մտնելու Ռուսաստանի, միգուցե կուլիսներում՝ նաև Իսրայելի հետ: Մենք պետք է շատ կոշտ՝ սիմետրիկ կամ ասիմետրիկ հայտարարություններ անենք և միգուցե նաև գործողություններ՝ դիվանագիտական, քաղաքական և այլն։ Ինձ ամենաշատը դուր է եկել Կոմանդոսի՝ երեկվա արած հայտարարությունը, որը, կարծում եմ, պետք է արվեր ավելի շուտ ու դիվանագիտական մակարդակով, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եղել է Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ եթե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մտնի Բելառուս, կարող են բռնել և հանձնել Ադրբեջանին։

Սա Հայաստանի գործն էլ է, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նույն վիճակում հայտնվել»:

Հիշեցնենք, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որը նաև ղեկավարում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը, մերժել է Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի կողմից տոնական իրադարձություններին մասնակցելու հրավերը՝ գրելով.

«Շնորհակալ եմ հրավերի համար, բայց, քանի որ ես եղել եմ Արցախում, ձեր երկիր գալ ու միջոցառումների մասնակցել չեմ կարող»:

Կ. Քոչարյանը կարծում է՝ Հայաստանի դիվանագիտության մեջ կան բազմաթիվ թերացումներ։ Նա գտնում է, որ պետական մակարդակով պետք է կոչ արվի, որպեսզի ՀՀ քաղաքացիները խուսափեն Բելառուս այցելելուց։ Ըստ նրա՝ դա դիվանագիտական ապտակ կլինի Բելառուսին։

Տեղեկատվության և անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ նկատեց, որ Լուկաշենկոն պրոադրբեջանական ու հայատյաց չի ծնվել, ինքը դարձել է այդպիսին մեր աչքի առաջ. «ՀՀ արտգործնախարարությունը կանխարգելման մասով որևէ բան չի արել, որպեսզի Լուկաշենոյին նեյտրալության դաշտ բերի։ Չեմ հասկանում՝ ինչ գործ ուներ մեր դեսպանն այնտեղ վերջին տարիներին»։

 

168.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ