Տնտեսություն - Վարչապետը խստագույնս զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթին»:
Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել: Պետական գույքի կառավարման վարչությունը վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013թ., 2014թ., 2015թ. տարեկան և 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքները: «Առանձնացվել են նշված ժամանակահատվածում 4 տարի, 3 տարի, 2 տարի և 1 տարի վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը: Միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին՝ 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ