Մշակույթ - Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված աշակերտական գիտական ընթերցումների մրցույթն ամփոփվել է

 

Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ մասնակցել է Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված «Բաց նամակ Գարեգին Նժդեհին», «Նժդեհի գաղափարական դասերը» և «Գ. Նժդեհի «Առյուծածին մայրեր» հոդվածը և արդիականությունը» թեմաներով աշակերտական գիտական ընթերցումների մրցույթին: 

Միջդպրոցական մրցույթի արդյունքներն ամփոփվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Նժդեհի գաղափարախոսությունն ու դրա քարոզումն իր կարևոր դերն ունի սերունդների հայեցի դաստիարակության և հայագիտական արժեքների տարածման գործում: Դպրոցներում և հանրակրթարաններում նմանօրինակ միջոցառումներն իրենց տեսակի մեջ քարոզ են` աշակերտների իմացական դաշտը մեծացնելու դեպի հայրենիքն ու այդ գաղափարի ընկալումը: Ուրախ եմ, որ մեր աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին այս նախաձեռնությանն, ու ամփոփելով հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ բոլոր մանկավարժներին՝ իրենց աշխատանքի համար»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը: 
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով և գրքերով: Առաջին տեղը զբաղեցրած աշակերտին մրցանակ է հանձնվել նաև Արարատյան Հայրապետական թեմի կողմից: Սահմանված էին նաև մի շարք խրախուսական մրցանակներ: 
Հարկ է նշել, որ Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են նաև գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, թատերականացված բեմականացումներ և մի շարք այլ միջոցառումներ: Միջդպրոցական մրցույթի այս մասով էլ լավագույն է ճանաչվել 12 դպրոց, որոնց մանկավարժական համակազմերը ևս արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ