Մշակույթ - Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` Հ. Թումանյանի Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ


2019 թվականին կնշվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Այս համատեքստում, 2017 թվականից մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ. գրողի ծննդավայրում` թումանյանական հերոսների մեծադիր քանդակների մրցույթ, թումանյանական թեմայով երիտասարդ նկարիչների մրցույթ և այլն:
Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն ազդարարված է. ստորագրվել է գրողի Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր: Ս. թ. հունվարի 25-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում փաստաթուղթը ստորագրել են ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը: Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի տրամադրած 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան: Միաժամանակ, թանգարանի տարածքում հատված սնամեջ ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական կերպարներ` առավել գրավիչ դարձնելով տարածքը:
Նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` ծրագրի իրականացումը նախատեսվում էր դեռևս 2016 թվականին, սակայն ձմռան սաստիկ ցուրտն ու միջոցների բացակայությունը խանգարեցին: «Մենք հովանավորներ, աջակիցներ էինք փնտրում, և հանկարծ օդանավում ձմռանը հանդիպեցի Աշոտ Տիգրանյանին, ում հետ զրուցեցինք Հայաստանի մշակութային կյանքից, իրադարձություններից, ծրագրերից: Հետաքրքիրն այն էր, որ մաեստրոն միանգամից արձագանքեց և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի երթակառուցվածքների ստեղծման հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց արձագանքեց սրտով և հոգով: Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ է լինելու, և բոլորս համոզվելու ենք, որ, այո՛, հնարավոր է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»:

Բարերար Աշոտ Տիգրանյանն էլ իր խոսքում նշեց. «Երեք տասնամյակ ԱՄՆ-ում ապրելուց հետո ես առաջին անգամ այցելեցի Հայաստան ու հրաշալի պահեր ապրեցի, որովհետև ծնվել եմ Երևանում, ապրել` Մոսկովյան փողոցում, հենց Թումանյան թանգարանի հարևանությամբ: Վերջերս էլ եղա Դսեղում, որտեղ պետք է իրականություն դառնա այս ծրագիրը: Անչափ երջանիկ եմ օդանավում մեր հանդիպման համար: Շնորհակալ եմ Աստծուն, որ իրականություն դարձավ իմ երազներից մեկը: Դրսում մենք ապրում ենք կարոտի զգացումներով, իսկ սա ավելին է, քան կարոտը: Մեծ հպարտությամբ ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ