Մամուլ - «Մեքենաս շքեղության համար չէր, այլ՝ հաշմանդամ երեխայիս փոխադրամիջոցն էր» ,-վարորդ

«Մեքենաս շքեղության համար չէր, այլ՝ հաշմանդամ երեխայիս փոխադրամիջոցն էր» ,-ասում է վթարի ենթարկված վարորդը Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին, ժամը 21.20-ի սահմաններում, մայրաքաղաքի Արտաշիսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում միմյանց բախվել են «Renault Logan 444» OP 61 համարանիշի եւ «BNW 318» մակնիշի 34 MR 160 համարանիշի մեքենաները: «BNW 318» մակնիշի 34 MR 160-ի վարորդը՝ Տիգրան Աղաբաբյանն «Առավոտին» ասաց, թե բախման հետեւանքով վնասվել էր ձեռքը, գլուխը, վնասվել էր նաեւ նրա մեքենան: Հանկարծակի բախման ժամանակ «ԲՆՎ»-ի վարորդը բախվել էր մոտակա գազալցակայանին, բարեբախտաբար, պայթյուն եւ դժբախտ ելք չէր գրանցվել: Ըստ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքների, առկա ՃՏՊ-ի տվյալների, «Renault Logan 444» OP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իրականացրել է ձախ շրջադարձ, ավտոմեքենայում ուղեւորներ չեն եղել: «BNW 318» մակնիշի 34 MR 160 մեքենան էլ երթեւեկել է Արտաշիսյան փողոցով, ուղիղ, դեպի Շիրակի փողոցի ուղղությամբ: Այս մեքենայում էլ ուղեւոր չի եղել: Քանի որ տարածքում տեսախցիկ չի եղել, փորձագետներն էլ դժվարացել են նկարագրել դեպի խաչմերուկ, այն է՝ դեպքի վայր կատարված վարորդների գործողությունները: Պարզ չի եղել, թե դեպի խաչմերուկ արդյոք միացվա՞ծ էր լուսացույցի ազդանշանը: «Բացի այդ, փորձաքննությանն առաջադրված չէ նաեւ, թե կորագծով որքան տարածություն է անցել «Renault Logan 444» OP 61 համարանիշի մեքենան, մինչ բախման տեղը, ինչը փորձագիտական եղանակով հնարավոր չէ պարզել»,-արձանագրել էր ՀՀ փորձագիտական կենտրոնի փորձագետ Ա Տոնապետյանը: Ինչը նշանակում էր, որ փորձագետը բախումն իրականացրած մեքենայի տեխնիկական գնահատականն ամբողջական չի կարողացել տալ՝ կապված շահագործված մեքենաների անսարքության տեսանկյունից, ինչպես նաեւ վարորդների առանձին-առանձին վերցրած գործողությունները: Տուժող Տիգրան Աղաբաբյանն ասում է, որ բախումից հետո «Renault Logan 444» OP 61 համարանիշի մեքենայի վարորդը ճանապարհային ոստիկանի ներկայությամբ, նաեւ ապահովագրականի մասնակցությամբ իր մեղավորությունը հաստատել էր: Տիգրան Աղաբաբյանը ստացել էր փորձաքննության արդյունքների մասին ծանուցումը դեպքից տասնչորս օր հետո, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ «Փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունեք պահանջել կրկնակի փորձաքննություն՝ համապատասխան դիմում ներկայացնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»: Փորձաքննությունն անցկացվում է, ի դեպ, պահանջ ներկայացնող անձի միջոցների հաշվին»: Նշենք, որ ԱՊՊԱ ոլորտում ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման հաշվետվության համաձայն, «BNW 318» մակնիշի ավտոմեքենայի միջին շուկայական գինը նշվել է, թե կազմում է 850 000 ՀՀ դրամ, իսկ պատճառված նյութական վնասի չափը գնահատման ժամանակահատվածի դրությամբ կլորացված հաշվել էին վեց հարյուր քսաներկու հազար դրամ: Զրուցակիցս՝ Տ. Աղաբաբյանն ասում է, որ իր մեքենան շքեղության համար չէ, որ ձեռք էր բերել, այլ կոնկրետ նպատակով՝ մանկուց հիվանդ հաշմանդամ երեխային պարբերաբար բուժհիմնարկներ տեղափոխելու համար, եւ որ փորձագետը ցածր է գնահատել մեքենան: Նա դիմել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանին՝ բողոք-պահանջով. «Տեղեկացնում եմ, որ համաձայն չեմ նշված գնահատման հետ, քանի որ փորձաքննության արդյունքները թերի են, մասնավորապես, իմ ավտոմեքենայի գինը գնահատվել է 850 000 ՀՀ դրամ, այնինչ պետք է գնահատված լիներ 1.200.000 դրամ: Հանդիսանալով պատահարի տուժող, նշեմ, որ մասնագետների կարծիքով իմ մեքենան վերանորոգման ենթակա չէ, եւ պատճառված իրական վնասը կազմում է 1.200.000 դրամ»: Զրուցակից վարորդը տեղեկացրեց նաեւ, որ ապահովագրական ընկերությունը հատուցում է տրամադրելու ավտոմեքենային պատճառված վնասի 50 տոկոսի չափով, պատճառաբանելով, թե ելակետային տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել պարզել վթարի մեխանիզմը: Չի բացառվում, որ վարորդը դիմի ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե նրա պահանջը՝ հատուցել 1.200.000 դրամը, չբավարարվի: 

Նյութը` aravot.am-ի

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ