Տնտեսություն - Կառավարությունում սկսվել է գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

 

 

ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության նախարարները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: 
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետն անդրադարձել է 2016 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին, կարևորել գերատեսչություններում օպտիմալացման շարունակությունը, իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը, միջոցների արդյունավետ օգտագործումը և նշել. «Ի՞նչ եմ ցանկանում նշել, որը յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է հաշվի առնի. բոլորիս մոտ կա ձևավորված տպավորություն, որ այն միջոցները, որոնք ծախսում ենք՝ շատ ավելի հեռու են այն իդեալականից կամ օպտիմալից, որոնք պետք են: Բայց, թերֆինանսավորման պայմաններում մեր գերատեսչություններում մենք ունենք ավելի ծախսված փող՝ այն խնդիրները լուծելու համար, որոնք մեր առջև դրված են: Հսկայական փող է ձեր միջոցով գնում, վերջում մենք պե՞տք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ, ո՞րն է մեր նեղ տեղը»
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ