Տնտեսություն - Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին: Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի իրենց ընտրյալների հետ ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները:
«Արդեն մի քանի տարի է` Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Մեր երկրի համար նաև անչափ կարևոր է ամուր հայ ընտանիքներ ունենալը, և այսօր, առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ գրանցվեց միանգամից 2 ամուսնություն: Համոզված եմ, որ այս հաճելի իրադարձությունը կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլորիս հուշերում, և հուսամ, որ այն կդառնա ավանդական: Բոլորիդ ու հատկապես նորապսակներին մաղթում եմ, որ ձեր նոր բնակարաններում միշտ լսվի երեխաների ճիչ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված և կարևոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ Ամանորի անմոռանալի նվեր: Արվեստագետները նաև հավելել են, որ, շարունակելով իրենց աշխատանքը, անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երևանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ